«Սպասելու ենք, տեսնենք՝ ինչ են ասում, այսօր գնալու ենք մինչև վերջ». լարված իրավիճակ ՊՆ-ի դիմաց. անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են ՊՆ-ի դուռը և մտել տարածք (տեսանյութ)
14:20
«Սա ամբողջությամբ մեր պետության մեղքն է: Նրանք, որ հիմա հավաքվել են այնտեղ ու աթոռի կռիվ են անում, պատժվելու են: Եթե 30 օր երեխաների մարմիներն այնտեղ չթողնեին, այսօր մեզ ոսկորները չէր հասնի, գոնե նորմալ մարմինը կտանեինք, թաղեինք»,-ասաց ծնողներից մեկը:
Ծնողներն այս պահին որոշել են սպասել ՊՆ-ի պատասխանին:
13:20
Ոստիկանները ծնողներին ասում են, որ կարող են ներս մտնել, բայց կոտրելը տարբերակ չէ, սակայն ծնողները պնդում են՝ այլևս սպասել ու լռել չեն կարող:
«Այսօր հարցերը ջարդելով են լուծվում, ոնց մեզ ջարդեցին, իրենց հարցը լուծեցին, այդպես էլ ես եմ ջարդելու, որ իմ հարցը լուծեն: Տոնոյանը թուրք է»,-ասաց ծնողներից մեկը:
Նշենք, որ այն ծնողները, որոնք ավելի վաղ էին շենք մտել, նրանից 10-ին ՊՆ-ից ընդունել են, զրուցում են, բանակցություններ անցկացնում:
Ծնողներից մեկն էլ շեշտեց, թե այդ պահվածքով ծնողներին հանցագործ են դարձնում: «70 օր դեմներս պահում եք, բացեք, գնանք, տեսնենք՝ ինչ են ասում»:
Նշենք, որ ծնողներից մեկը տեղեկացրեց, որ ներսում գտնվող ծնողները հանդիպում են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Ծնողները նրան են ներկայացրել նաև այն տեղեկությունը, թե զինծառայողներ կան, որոնք հիմա անտառներում են, սակայն նրանց դուրս բերելու ուղղությամբ որևէ աշխատանքներ չեն տարվում:
«Մենք սպասելու ենք, տեսնենք, թե ինչ են ասում, բայց այսօր մինչև վերջ ենք գնալու»,-ասաց մայրերից մեկը:
13։01
Ծնողներն այս պահին էլ ցանկանում են շենք մտնել՝ փորձելով կոտրել շենքի ճաղավանդակները: «Ամեն օր երկու օր ժամանակ են ուզում, բացեք, հանդիպեք մեզ հետ, ամոթ չե՞ք անում»:
Նրանց հաջողվեց բացել ճաղավանդակները, սակայն ոստիկաններն արգելում են, որ ծնողներն առաջ գնան:
«Հերիք է խաբեք, գոնե երեխու ոսկորները բերեք: Ամբողջը կջարդեմ, հեռու գնացեք»,-ասաց ծնողներից մեկը:
12։26
Այսօր անհետ կորած զինվորների ծնողները հերթական անգամ ակցիա էին սկսել ՀՀ ՊՆ-ի շենքի դիմաց՝ պահանջելով զբաղվել իրենց որդիներին գտնելու ուղղությամբ:
Պատասխան չստանալով ՊՆ-ից՝ ծնողները կոտրեցին ՊՆ-ի դուռը և փորձեցին մտնել շենք:
Ծնողներին հորդորել են դուրս գալ շենքի տարածքից, սակայն նրանց հաջողվել է դարպասներից անցնել ու մտնել ՊՆ վարչական շենքի բակ։ Այս պահին նրանք վարչական շենքի մոտ են։
Անհետ կորածների ծնողները պատմում են՝ ՊՆ-ից և այլ մարմիններից որևէ հստակ պատասխան չեն ստանում, թե որտեղ են իրենց որդիները, տարբեր մարդկանցից տարբեր պատասխաններ են լսում, որոնք ավելի ուշ հերքվում են:
Մանրամասները՝ տեսանյութում։










