Ռուս կնոջ օրգանիզմում կորոնավիրուսի 18 մուտացիա է հայտնաբերվել

14:06 • 12.01.21

Ռուս կնոջ օրգանիզմում, որն ավելի քան վեց ամիս հիվանդ էր COVID-19-ով, հայտնաբերվել է կորոնավիրուսի 18 նոր մուտացիա: Այս մասին ասված է ռուս գիտնականների՝ virological.org կայքում հրապարակված հոդվածում:

Դրանում ներկայացված է չարորակ լիմֆոմայով հիվանդ 47-ամյա հիվանդի դեպքը:

Նշվում է՝ կինը հիվանդացել է կորոնավիրուսով 2020 թվականի ապրիլին, երբ քիմիաթերապիա էր անցնում հիվանդանոցում: Մինչև սեպտեմբերի սկիզբը կորոնավիրուսն ախտորոշող բոլոր թեստերը նրա մոտ դրական արդյունք են ցույց տվել:

Երբ մասնագետները համեմատել են գարնանը և ամռանը վերջին հիվանդից վերցված կենսանմուշները, պարզվել է, որ կնոջ մարմնում վիրուսը լրջորեն փոփոխության է ենթարկվել մի քանի ամսվա ընթացքում: Պաթոգենի գենոմը վերծանելուց հետո պարզվել է, որ վեց ամսվա ընթացքում նրա օրգանիզմում առաջացել է կորոնավիրուսի 18 նոր մուտացիա, որոնցից երկուսը նույնական են Դանիայում ջրաքիսների մոտ հայտնաբերված դեպքերի հետ:

Հոդվածի հեղինակները նշել են, որ ջրաքիսների մոտ հայտնաբերված SARS-CoV-2 շտամներից մեկը նախկինում հայտնաբերվել էր թուլացած իմունային համակարգ ունեցող մեկ այլ հիվանդի մոտ: Ըստ Սիբիրի դաշնային համալսարանի գենոմիկայի և բիոինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, Գերմանիայի Գյոտինգենի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Կրուտովսկիի՝ թույլ իմունային համակարգ ունեցող հիվանդի մարմնում կարող էր նաև կորոնավիրուսի ավելի վարակիչ «բրիտանական» շտամն առաջանալ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր 2021 թվականին COVID-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերման անհնարինության մասին:

Ռուս կնոջ օրգանիզմում կորոնավիրուսի 18 մուտացիա է հայտնաբերվել