«Մետաղական ուրանն արտադրվում է բնական ուրանի օգտագործմամբ». Իրանն աշխատանքներ է սկսել վառելիքի արդիականացված տեսակ ստանալու ուղղությամբ

16:26 • 14.01.21

Իրանը գիտահետազոտական աշխատանքներ է սկսել Թեհրանի հետազոտական ռեակտորի համար արդիականացված տեսակի վառելիք ստանալու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է թե՛ ՄԱԿ-ի միջուկային դիտորդական կազմակերպությունը, թե՛ Թեհրանը, գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Նշվում է՝ գործընթացն իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում, ըստ ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Հարիբաբադիի, «մետաղական ուրանն արտադրվում է բնական ուրանի օգտագործմամբ»:

«Թեհրանն իր քայլերի մասին ծանուցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որի տեսուչները երեք օր առաջ այցելել են վառելիքի թիթեղների արտադրության գործարան»,- իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգոմ գրել է դեսպանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանը Ֆորդոյում միջուկային օբյեկտում ուրանի 20% հարստացման գործընթաց է սկսել: Իսլամական երկիրը վավերացրել էր խորհրդարանի կողմից նախաձեռնած «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքը, որը ենթադրում է 20 տոկոս և ավելի հարստացման մակարդակով ուրանի արտադրություն:

Նշենք՝ նման սահմանաչափով ուրանի հարստացումը համարվում է զենքի աստիճան: Ըստ Reuters-ի՝ մետաղական ուրանը կարող է օգրագործվել միջուկային զենք ստեղծելու համար:

 

«Մետաղական ուրանն արտադրվում է բնական ուրանի օգտագործմամբ». Իրանն աշխատանքներ է սկսել վառելիքի արդիականացված տեսակ ստանալու ուղղությամբ