Իտալիայում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութն ստացած բնակիչներին երկրորդ չափաբաժնի ներարկման գործընթացը
Իտալիայում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժնի ներարկումներն այն մարդկանց, որոնք արդեն ստացել են առաջին չափաբաժինը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի՝ համավարակի դեմ պայքարի հարցով արտակարգ հանձնակատար Դոմենիկո Արկուրին:
Վերջինս նշել է նաև, որ ամերիկյան Pfizer ընկերությունը հայտարարել է գերմանական BioNThec ընկերության հետ ստեղծած պատվաստանյութի մատակարարումների քանակը կրճատելու միակողմանի որոշման մասին:
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ նախատեսված 562 770 չափաբաժնի փոխարեն կստացվի պատվաստանյութի 397 800 չափաբաժին:
Pfizer/BioNThec ընկերությունների պատվաստանյութից բացի Իտալիան սկսել է ներկրել նաև ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը, սակայն մասնագետները պնդում են, որ երկրորդ չափաբաժինը պետք է նույն պատվաստանյութից ներարկվի, որն առաջին դեպքում է արվել:
Երկրում առաջին ներարկումն ստացել է ավելի քան 1 մլն մարդ: Իտալիան եվրոպական երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում պատվաստման տեմպերի առումով:
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2.3 մլն-ի, որոնցից 82 000-ը մահացել են:










