Տյումեն-Օմսկ մայրուղում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ՌԴ սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը

17:00 • 17.01.21

Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ռուսաստանի Տյումեն-Օմսկ մայրուղու 102-րդ կմ-ի վրա: Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», միջադեպը տեղի է ունեցել հունվարի 16-ի երեկոյան:

Հաղորդվում է, որ Mazda մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Լադա» մակնիշի մեքենային: Հարվածի հետևանքով «Լադան» բախվել է «ԿամԱԶ»-ին, իսկ «Մազդան»՝ հայտնվել IVECO մակնիշի բեռնատարի տակ:

Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ ավտովթարի հետևանքով մահացել է Ռուսաստանի սպորտի վարպետ Արտեմ Միքայելյանը:

Արտեմը Ռուսաստանի առաջնության հաղթողն էր, ինչպես նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:  

Հայտնի է, որ նրանից բացի ևս երկու մարդ է մահացել՝ Mazda-ի 31-ամյա ուղևորուհին և «Լադա»-ի 60-ամյա վարորդը: