Ավստրիայի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին և հետաքննել նրա նկատմամբ ենթադրյալ մահափորձը

10:13 • 18.01.21

Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին և հետաքննել նրա նկատմամբ ենթադրյալ մահափորձը:

«Խորապես մտահոգված ենք Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելու փաստով: Կենսունակ քաղաքացիական հասարակությունն ու քաղաքական ընդդիմությունը բոլոր ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարերն են: Ավստրիան կոչ է անում անհապաղ ազատել նրան և իրականացնել նրա նկատմամբ մահափորձի լիարժեք ու անկախ հետաքննությունը»,-ասված է Ավստրիայի ԱԳՆ-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ Նավալնին ՌԴ հասնելուն պես ձերբակալվել էր օդանավանակայանում: Այս առնչությամբ հայտարարություն էր տարածել ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությանը:

«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնիին, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հստակեցրել էին գերատեսչությունում:

Նշվում է՝ Նավալնիի հետագա խափանման միջոցի հարցը կորոշի դատարանը, իսկ մինչ այդ նա կմնա կալանքի տակ։