Չուկոտկայում սպիտակ արջերի ու կետերի ուսումնասիրության գիտական կենտրոն է ստեղծվել
Ռուսաստանի Դաշնության Չուկոտկայի ինքնավար շրջանում ստեղծվել է Չուկոտկայի արկտիկական հետազոտական կենտրոն, որի նպատակն է Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեսակների վերաբերյալ հետազոտություններ կատարել, կետերի ձկնորսությունը վերահսկել և բևեռային արջերի և մարդկանց միջև բախումները նվազագույնի հասցնել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է կազմակերպության ղեկավար Դենիս Լիտովկան:
Նա շեշտել է՝ կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ հիմնադիրը Չուկոտկայի բնական պաշարների և էկոլոգիայի վարչությունն է:
«Ամենակարևորը տարածաշրջանային գիտական կենտրոնի ստեղծումն է, ինչպես նաև բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար համապարփակ գիտական հետազոտությունը: Կենտրոնի հիմնական խնդիրներից մեկը Չուկոտկայում հասարակական բնապահպանական տեսուչների ցանցի ստեղծումն էր՝ մարդկանց և բևեռային արջերի միջև կոնֆլիկտային իրավիճակները նվազագույնի հասցնելու համար», - ասել է Լիտովկան:
Նրա խոսքով՝ օգնություն կտրամադրվի նաև տարածաշրջանային «արջի պարեկներին»:
«Նախկինում Չուկոտկայում «Բևեռային արջի կենտրոն» ստեղծելու գաղափար կար, բայց որոշվեց, որ դա կսպասարկի նեղ շահերն ու առաջադրանքների շրջանակը, քանի որ բացի սպիտակ արջից, Կարմիր գրքում ներառված այլ տեսակներ էլ պետք է ուսումնասիրվեն»,-ավելացրել է Լիտովկան:
Հիշեցնենք՝ սպիտակ արջը գրանցված է ՌԴ կարմիր գրքում և բնության պահպանման միջազգային միությունում: Կենդանատեսակի պոպուլյացիան կայուն կերպով նվազում են: Հիմնական սպառնալիքներից են որսագողությունը, կլիմայի փոփոխության հետևանքով ծովի սառույցի կրճատումը և Արկտիկայի շրջակա միջավայրի աղտոտումը: Բևեռային արջի որսն արգելված է 1957 թվականից:
Չուկոտկայում սպիտակ արջերը հաճախ են բնակավայրեր այցելում: Օրինակ, Իուլտինսկի շրջանի Ռիրկայպիյ գյուղը գտնվում է Կոժևնիկով հրվանդանում, որը համարվում է «արջի տեղանք»: Այս տարածաշրջանում երբեմն կենդանիների թիվը հասնում է տասնյակ հազարների:










