Բայդենը երդմնակալությունից անմիջապես հետո կդադարեցնի Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երդմնակալությունից անմիջապես հետո կարգադրել է դադարեցնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը: Այս մասին Բայդենի թիմի կայքին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
«Իր հռչակագրում նորընտիր նախագահ Բայդենն այսօր կհայտարարի արտակարգ դրության ռեժիմի գործողության անհապաղ դադարեցման մասին, որն օգտագործվել է որպես պատրվակ՝ պատի կառուցման նպատակով այլ հիմնադրամներից միջոցների վերահղումն արդարացնելու համար։ Հռչակագիրը պահանջում է անհապաղ դադարեցնել պատի կառուցման նախագծերը, որպեսզի մանրակրկիտ վերլուծություն կատարվի դրանց ֆինանսավորման օրինականության և կապալառուների ընտրության ժամանակ օգտագործված մեթոդների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
2019 թվականի փետրվարի 15-ին ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին հռչակագիր էր ստորագրել։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանման գլխավոր պատճառներից մեկը առանց Կոնգրեսի հավանության ամերիկա-մեքսիկական սահմանին պատի կառուցման ֆինանսավորման համար միջոցներ ստանալու անհրաժեշտությունն էր։
Բայդենը մտադիր է այսօր ստորագրել նաև մի շարք այլ փաստաթղթեր։










