«Մարտունու ԲԿ»-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով. կհատկացվի 7,4 միլիոն դոլար
Այսօր կառավարությունը հերթական նիստին ընդունեց «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագիծը:
Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրով նախատեսվում է 7,4 միլիոն դոլարի տրամադրում: «Դեռևս 2013 թվականին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերության միջև ստորագրվել է 35 միլիոն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի «Մարտունու ԲԿ» և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես, կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում»,-ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը նշեց, թե 2020թ․ մարտի 6-ին կատարված փոփոխություններով նախատեսվել էր Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանել վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը, ինչպես նաև փոխարժեքային տարբերության հետևանքով առաջացած ֆինանսական կորուստները:
«Նշված պատճառներով ֆինանսական միջոցները չէին բավարարի երկու ԲԿ-ների արդիականացման համար ու նպատակահարմար էր գտնվել այդ պահին միջոցներն ուղղել «Մարտունու ԲԿ»-ի արդիականացման աշխատանքներին: Վայոց ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել էր 2019-2023 թթ կառավարության միջոցառումների ծրագրով»,- ասաց նախարարը:
Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել «Մարտունու ԲԿ»-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը ու այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը: Ըստ նրա՝ «Մարտունու ԲԿ»-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով:
«Երկու կենտրոններն էլ ռազմավարական կարևորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայություններ մատուցելուն», - ասաց նախարարը՝ընգծելով, որ «Մարտունու ԲԿ»-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:










