Ունենք բամբասանքի մակարդակի տեղեկություն, որ ինչ-որ ԸՕ-ի նախագիծ իշխանությունն ուղարկելու է Վենետիկի հանձնաժողով, թե ի՞նչ նախագիծ է, տեղյակ չենք. Մարուքյանը՝ ԸՕ փոփոխությունների շուրջ քննարկման մասին
Մենք արդեն նստել, քննարկել ենք Ընտրական օրենսգրքի վերաբերյալ փոփոխությունները, եղել ենք այդ աշխատանքային խմբում՝ այս խորհրդարանի ձևավորումից մինչև վերջերս, որովհետև պատերազմից առաջ չէր գործում այդ հանձնաժողովը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կնստե՞ն իշխանության հետ մեկ սեղանի շուրջ՝ քննարկելու ԸՕ փոփոխությունները:
Նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ իշխանություններն առաջարկել են 100 տոկոս համամասնական ընտրակարգ, իսկ ԼՀԿ-ն առաջարկել է հանրապետության ամբողջ տարածքով մեկ պահպանել ռեյտինգայինը, ոչ թե տարածքային ռեյտինգայինը, այլ ամբողջ տարածքով մեկ, դրա վերաբերյալ եղել է բանավեճ:
«Հիմա որևէ տեղեկություն չունենք՝ ո՞ր նախագծի վրա են իրենք կանգնել, արդյոք ամբողջական 100 տոկոս համամասնական ընտրակարգի՞ են գնում, արդյոք խորհրդարան անցնելու շեմը նվազեցնո՞ւմ են, թե ոչ, և արդյոք կոալիցիաներ կազմելու արգելքը, որը ներդրվել է «Հանրապետական» կուսակցության ժամանակ, հանվո՞ւմ է, արդյոք կայուն մեծամասնության պարտադրանքը նո՞ւյնպես հանվում է, այս հարցերի վերաբերյալ չունենք պատասխան: Մենք ունենք բամբասանքի մակարդակի տեղեկություն, որ ինչ-որ օրենսգրքի նախագիծ իշխանությունները պետք է ուղարկեն Վենետիկի հանձնաժողով, թե դա որ նախագիծն է, ես պետք է փորձեմ կապվեմ իմ գործընկերների հետ, տիկին Մակունցին խնդրեմ նախագիծը տա, որ տեսնենք՝ էդ ի՞նչ նախագիծ են ուղարկում Վենետիկի հանձնաժողով»,- ասաց նա:










