Նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց այդ հայտարարությունը, դեռ թեժ մարտեր էին ընթանում, այսինքն՝ այդ տարածքները հանձնվել են այդ մարդկանց հետ միասին. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

15:26 • 21.01.21

Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվում էր այդ պիղծ եռակողմ հայտարարությունը, այդ պահին դեռ թեժ մարտեր էին ընթանում և բազմաթիվ ջոկատներ, զիվորականներ, սպայական կազմ և քաղաքացիներ գտնվում էին տարբեր վայրերում, որոնք այդ ստորագրությամբ և բանավոր պայմանավորվածություններով անցան Ադրբեջանին, և մարդասիրության մասին խոսելը հանցագործությունն է, այսինքն՝ այդ տարածքները հանձնվել են այդ մարդկանց հետ միասին:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ նախկինում երբեք այսքան մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել:

Ալավերդյանի  խոսքով՝ 1991-2001 թվականներին, մինչև հանձնաժողով ստեղծելը, գերիների որոնումը, նրանց գտնելու և վերադարձի հարցերով զբաղվել է «Ընդդեմ իրավական կամակայականության» հասարական կազմակերպությանը:

Նա նշեց, որ Հայաստանում չի եղել մի պետական մարմին, որը զբաղվել է այդ հարցով,  բայց արվել է պետական մարմինների հետ համագործակցությամբ, հասարակական կազմակերպությունների հետ, նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պետական մարմիների հետ, ինչը բարդագույն պրոֆեսիոնալ աշխատանք է:

«Ասում են՝ չգիտենք, քանի հարյուր կամ քանի հազար է գերիների թիվը, բայց պետական մարմինները գիտեն ոչ թե թիվն, այլ նաև այդ մարդկանց ցուցակը»,- ավելացրեց նա:

Հարցին, թե այդ դեպքում ինչի՞ չի հրապարակվում գերիների թիվը, իրավապաշտպանը նշեց, որ հարցեր էին ծագելու, թե  բա ինչո՞ւ եք հանձնել տարածքները՝ չպահանջելով մի քանի շաբաթ, որ այդ մարդիկ այդտեղից դուրս գային. «Տարածքները հանձնվել են, երբ այնտեղ եղել են քաղաքացիներ և կռվող ջոկատեր, մարդկանց հետ այդ տարածքները հանձնվել են, մի մասը գրավոր, մյուս մասը՝ բանավոր պայմանավորվածությունով»։

Անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մյուս հայտարարություններին, Ալավերդյանը նշեց, որ այն ամենն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, իր համոզմունքներն են՝  կառուցված ոչ բավարար գիտելիքների հիման վրա.

«Բավականին կասկածելի գաղափարախոսությունների մեջ ինքը կայացել է դեռ առաջին նախագահի ժամանակներից, որն ասում էր, որ  Լեռնային Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում՝ միայն ավելի բարձր կարգավիճակով՝ նկատի ունենալով, որ նա ոչ միայն պետք է լինի ինքնավար մարզ, այլ ինքանավար Հանրապետություն, օրինակ՝ Նախիջևանի նման: Անընդմեջ մեզ հիշեցնում են, որ մենք վերադառնում ենք խորհրդային միության սահմաններին, ես ուզում եմ հասկանալ՝ մենք վերադառնում ենք խորհրդային ժամանակնե՞ր: Քաղաքացի Փաշինյան Նիկոլը օգտագործում է բոլոր այն հիմնավորումները, որոնք շռայլորեն կան ադրբեջանական մամուլում, մի տառ ստորակետ չի փոխվել: Սա նշանակում է, որ այստեղ կա խորքային գաղափարախոսական շեղում՝ դեպի թուրքական քաղաքագիտական միտքը և օգտագործվող բոլոր բառապաշարներն էլ է այդ տեղից»:

 Մանրամասները՝ տեսանյութում։