Չինաստանում ավելի քան 15 մլն մարդ հակակորոնավիրուսային պատվաստանյութ է ստացել

12:59 • 21.01.21

Չինաստանում ավելի քան 15 միլիոն մարդու տրվել են հակակորոնավիրուսային պատվաստանյութեր՝ Լուսնային օրացույցով Ամանորին կամ Գարնան տոնին նախապատրաստվելուն ընդառաջ: Այս մասին հայտնում է  South China Morning Post-ը՝ երկրի առողջապահության ազգային հանձնաժողովին հղումով:

Ըստ Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման բյուրոյի ներկայացուցիչ Վանգ Բինի՝ ներկայումս ողջ երկրի տարածքում ծրագրեր են մշակվում երեխաներին և ծերերին պատվաստելու առնչությամբ՝ հիվանդության հնարավոր բռնկումները կանխարգելելու նպատակով:

Իր խոսքում Վանգը տեղեկացրել է նաև, որ ներգաղթի հարցերով վարչությունների անձնակազմը, միջազգային և ներքին տրանսպորտի ոլորտի աշխատողները, հանրային ծառայություններ մատուցող անձինք առաջնահերթություն ունեն պատվաստման արշավում, որի նպատակն է մինչ տոների մեկնարկը 50 միլիոն մարդու իմունիզացնել:

«Պատվաստումների գործընթացը շատ սահուն կերպով է ընթանում: Մենք շարունակելու ենք աշխատանքները մինչ Լուսնային օրացույցով Ամանոր», - ասել է ներկայացուցիչը: