Նիկոլ Փաշինյանը 3000 դոլարանոց խավիարից ավելի թանկ բան է «կերել»՝ ՀՀ արժանապատվությունը, 5000 և ավելի երիտասարդների գլուխ, մեր ապագայի նկատմամբ հույսը․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)

14:37 • 21.01.21

Այս գործն ամբողջությամբ փուչիկ էր և բացառապես քաղաքական պատճառներ ունի։ Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից խավիարի գնմանն առնչվող քրեական գործին։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր, թե ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իրեն փոխանցված գրիչն արժեցել է 500 դոլար։

«Հրապարակեցի տեղեկությունը, որ մարդիկ տեսնեն, որ այն մարդը, որը 500 դոլարանոց գրիչ պահելը համարում է մեծ ճոխություն, իսկ իր երեխայի համար ամիսը մեկ, երկու շաբաթը մեկ խավիար է գնում՝ 1 կգ-ի արժեքը՝ 3000 դոլար»,-ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ տեղեկություն էր հրապարակել, որ Փաշինյանը ՊԵԿ-ին հրահանգել է տուգանել այն ռեստորանին, որտեղից գնվել է խավիարը։

Նրա խոսքով՝ ՀՔԾ-ի քննիչին հրահանգվել է հարուցել քրեական գործ, սակայն իր հրապարակած փաստը չի հերքվել։ «Նրանք չեն հերքում խավիարի փաստը, ասում են՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգ չի տվել, որ գնան ու տուգանեն ռեստորանատիրոջը։ Խավիարը գնել են, բայց ինքը չի ասել՝ գնացեք, տուգանեք ռեստորանատիրոջը»,-ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ այս գործն իր հանդեպ քաղաքական հետապնդման շարունակությունն էր։ «Իմ կարծիքով՝ նույնիսկ ամենավատ դատավորը չի կարող մեղադրական վճիռ կայացնել այս գործով։ Նիկոլ Փաշինյանն այդ խավիարից ավելի թանկ բան է «կերել»՝ ՀՀ արժանապատվությունը, 5000 և ավելի երիտասարդների գլուխ, մեր ապագայի նկատմամբ հույսը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը որոշ ժամանակ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ Փաշինյանի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար։ Սամսոնյանը նաև նշել էր, որ Փաշինյանը ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ հանձնարարություններ է տվել։