Գերմանական կողմը Նավալնիի հարցով նոր դիմում է ստացել ՌԴ գլխավոր դատախազությունից

18:31 • 21.01.21

Գերմանիայի արդարադատության դաշնային գերատեսչությունն Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մասին նոր հարցում է ստացել Ռուսաստանի գլխավոր դատախազությունից: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցչին, հարցումը կապված է նախորդ դիմումին Գերմանիայի տված պատասխանի հետ:  

«Այսօր Արդարադատության դաշնային գերատեսչություն նամակ է ստացվել Ռուսաստանի գլխավոր դատախազությունից, որն առնչվում է իրավական օգնություն տրամադրելու մասին նախորդ 4 հարցումների պատասխանին»,- նշել են նախարարությունից:

Գերատեսչության ներկայացուցիչը մասնավորեցրել է, որ Գերմանիայի իշխանությունները պատասխանել են նախորդ դիմումներին՝ իրավական օգնություն տրամադրելու մասին եվրոպական կոնվենցիայի համապատասխան:

ՌԴ գլխավոր դատախազությունից ավելի վաղ մեկնաբանել էին, թե քանի որ նախորդ դիմումների մի մասը մերժվել է, իսկ Նավալնիի և նրա կնոջ հարցաքննության արձանագրությունները, որոնք փոխանցվել են, անբովանդակ են եղել, դատախազությունը գնահատել է, որ ռուսական հարցումներին պատասխան չի տրվել, և դրանք չեն իրականացվել:

Հիշեցնենք, որ Նավալնին օրեր առաջ է վերադարձել Գերմանիայից, ուր տեղափոխվել էր բուժման նպատակով: Վերադառնալուն պես նրան ձերբակալել են պայմանական ազատազրկման ժամկետները խախտելու համար:

Վերջինս Բեռլին էր տեղափոխվել Տոմսկից Մոսկվա ուղևորվելիս ինքնազգացողության վատթարացումից և տեղի հիվանդանոցում 2 օր բուժում ստանալուց հետո: Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ քննչական մարմինը 4 հարցում էր ուղարկել Գերմանիա՝ տեղեկություն ստանալու համար նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին: