Թուրքական ընկերությունները նախատեսում են 50 մլն դոլար ներդնել Արցախում տեքստիլ գործարանների կառուցման համար

15:59 • 21.01.21

Նախնական փուլում թուրքական ընկերությունները նախատեսում են 50 միլիոն դոլար ներդնել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեքստիլ գործարաններ կառուցելու համար: Այս մասին գրում է minval.az-ը՝ վկայակոչելով TÜMKİAD-ի (Ամբողջական զարգացման գործարարների և ձեռներեցների ասոցիացիա) խորհրդի նախագահ Իլհամ Օզթյուրքին, որն աշխատանքային այցով գտնվում է Բաքվում։ 

Նա նշել է, որ իր ղեկավարած կառույցը գործունեություն է ծավալում բազմաթիվ ոլորտներում, սակայն սկզբնական փուլում նախատեսվում է ներդրումներ կատարել տեքստիլի ոլորտում:

Օզթյուրքը հավելել է նաև, որ Ադրբեջանում քննարկումներից հետո կորոշվի, թե այլ ոլորտներում ինչ աշխատանք է կատարվելու:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բաքվում տեղի էր ունեցել հանդիպում TÜMKİAD-ի խորհրդի նախագահ Իլհամի Օզթյուրքի գլխավորած պատվիրակության և Ադրբեջանի ձեռներեցների (գործատուների) ազգային կոնֆեդերացիայի ներկայացուցիչների միջև։ 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերակառուցման աշխատանքների, այնտեղ ապրող մարդկանց աշխատանքով ապահովելու հետ կապված հարցեր:

Օզթյուրքը նշել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը պատրաստ է աջակցել այդ տարածքներում վերականգնման աշխատանքներին, իսկ այցը նպատակ ունի այդ խնդիրները քննարկել  Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ:

Նրա խոսքով, այս ուղղությամբ Ադրբեջանին աջակցելու ծրագրի շրջանակներում առաջնահերթություն է արդյունաբերական գործարանների և տեքստիլ գործարանների կառուցումը:

Հանդիպման ավարտին TÜMKİAD-ի և Ադրբեջանի ձեռներեցների ազգային կոնֆեդերացիաների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: