Մոսկվայում հակակորոնավիրուսային սահմանափակումները մեղմվում են. քոլեջներն ու սպորտդպրոցները կվերադառնան ուսուցման առկա եղանակին, կբացվեն թանգարաններն ու գրադարանները
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կարգադրությամբ՝ Ռուսաստանի մայրաքաղաքի քոլեջներն ու մարզադպրոցները հունվարի 22-ից վերադառնալու են ոչ հեռավար կրթության ռեժիմի, իսկ թանգարաններն ու գրադարաններն իրենց դռները կրկին կբացեն այցելուների առջև, հաղորդում է ТАСС-ը:
Սոբյանինը նախօրեին հայտնել է, որ կորոնավիրուսային իրավիճակը զգուշավոր լավատեսության հիմքեր է տալիս, և քանի որ կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշները վերջին շրջանում նվազել են, քաղաքային իշխանությունները որոշել են էապես թեթևացնել գործող հակահամաճարակային սահմանափակումները:
Ավելի վաղ Սոբյանինի որոշմամբ հունվարի 18-ից Մոսկվայի բոլոր դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվեց ոչ հեռավար եղանակով. դպրոցական կրթությունը հեռավար ռեժիմի էր անցել նախորդ տարվա հոկտեմբերի 19-ից:










