Կորոնավիրուսի պայմաններում ԵՄ ներքին սահմանները պետք է բաց մնան, բայց ոչ հրատապ ուղևորություններն անհրաժեշտ է սահմանափակել. Շառլ Միշել

04:23 • 22.01.21

Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները հնարավոր են համարել ԵՄ տարածքում ոչ հրատապ ուղևորությունների սահմանափակումը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ամփոփելով ԵՄ ղեկավարների առցանց գագաթնաժողովը:

«Գիտենք, որ անհրաժեշտ է լինելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ոչ հրատապ ուղևորություններ սահմանափակելու համար: Առաջիկա օրերին ու շաբաթներին աշխատելու ենք այդ գաղափարի ուղղությամբ»,- հայտարարել է Միշելը:

 

Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է՝ ոչ անհրաժեշտ ողևորությունները սահմանափակելու հետ մեկտեղ ԵՄ ներքին սահմանները համավարակի պայմաններում պետք է բաց մնան:

Ինչ վերաբերում է երրորդ երկրներից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերին, Միշելը հայտնել է, որ այդ դեպքում նախքան ժամանելը կորոնավիրուսի թեստավորման ու բացասական պատասխանի առկայության պարտադիր պահանջ կսահմանվի: