Բայդենի վարչակազմը կողմ է Ռուսաստանի հետ «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը մինչև 2026 թ. երկարաձգելուն

03:55 • 22.01.21

Միացյալ Նահանգները կողմ է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագրի 5 տարով երկարաձգմանը, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«Ես կարող եմ հաստատել, որ ԱՄՆ-ը մտադիր է հասնել պայմանագրի երկարաձգմանը հինգ տարով: Նախագահ Բայդենը մեկ անգամ չէ, որ հասկացնել է տվել պայմանագրի՝ ԱՄՆ ազգային անվտանգության շահերին համապատասխանելը»,- նշել է Փսակին:

Վաշինգտոնում գտնում են, որ պայմանագրի գործողության ժամկետի երկարացու չափազանց կարևորություն ունի ԱՄՆ- Ռուսաստան հարաբերություններում ներկայումս առկա լարվածության, անգամ՝ փոխադարձ թշնամանքի պայմաններում:

«Պայմանագիրը միակ փաստաթուղթն է, որը սահմանափակում է Ռուսաստանի միջուկային ուժերը և հանդիսանում երկու երկրների միջև ռազմակավարական կայունության ապահովմանը առանցքը»,- նշել է Սպիտակ տան խոսնակը՝ միաժամանակ չհստակեցնելով, թե արդյոք ամերիկյան կողմը ռուս գործընկերներին հայտնել են պայմանագիրը երկարաձգելու մտադրության մասին:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման» պայմանագիրը ստորագրել են 2010 թ.: Ըստ դրա՝ կողմերից յուրաքանչյուրն իր հարձակողական սպառազինությունները կրճատում է այնպես ու այնքան, որպեսզի յոթ տարի անց երկուսի ունեցած սպառազինությունը համատեղ չգերազանցի 700 մայրցամաքային բալիստիկ հրթիռը, սուզանավերին տեղակայված բալիստիկ հրթիռները, 1550 մարտագլխիկ ունեցող ծանր կործանիչները և այլն:

Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ կոչ է արել ամերիկյան կողմին չձգձգել փաստաթղթի գործողության ժամկետի երկարացումը և զինաթափման գործընթացում դա «ոսկե միջին» համարում: