Twitter-ը «Թրամփին ուղղված սպառնալիքից» հետո արգելափակել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին առնչվող օգտահաշիվը

10:24 • 23.01.21

Twitter-ն արգելափակել է այն օգտահաշիվը, որը կարող է որևէ կերպ առնչություն ունենալ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Այս մասին գրում է Associated Press-ը, նշելով՝ դա տեղի է ունեցել միկրոբլոգում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին սպառնալիք հրապարակելուց հետո:

Այս առնչությամբ Twitter-ի ներկայացուցիչը հայտնել է, որ օգտահաշիվը կեղծ է, իսկ թվիթը խախտում է հարթակում վիրավորական վարքի հետ կապված գործող քաղաքականությունը։ 

Լրատվամիջոցի տվյալներով՝ արգելափակված միկրոբլոգը առնչություն ունի Խամենեիի անձնական կայքի հետ և հաճախ է հատվածներ հրապարակել նրա ելույթներից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կայքում ուրբաթ օրը հրապարակվել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնող գոլֆիստի լուսանկար, որը ենթադրաբար ստացվել է անօդաչու թռչող սարքից:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի կայքում ուրբաթ օրը հրապարակվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցնող գոլֆիստի լուսանկար, որը ենթադրաբար ստացվել է անօդաչու թռչող սարքից: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության՝ լուսանկարը հրապարակվել է որպես վրեժխնդրության սպառնալիք՝ իրանցի բարձրաստիճան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Պատկերը, որը հղում է պարունակել դեպի Այաթոլլա Ալի Խամենեի պաշտոնական կայք, ուրբաթ օրն առաջին անգամ հայտնվել է իրանալեզու Twitter-ում:

Կայքում պատկերի բնութագրության բաժնում նշված են եղել Խամենեիի դեկտեմբերին հնչեցրած խոսքերը՝ Իրաքում գլխավոր ռազմական հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության առաջին տարելիցին ընդառաջ, որը պատվիրել էր Թրամփը:

«Ե՛վ մարդասպանները, և՛ դա պատվիրողները պետք է իմանան, որ վրեժխնդրությունը կարող է ցանկացած պահի լինել», - ասվում է պատկերի վերևում հրապարակված տեքստում, որում երևում էր անօդաչու թռչող սարքի ստվերը միայնակ գոլֆիստի վրա:

Գրառման մեջ Թրամփի անունը չի նշվել:

Հիշեցնենք՝ ԱՄՆ-Իրան լարվածությունն արագորեն թափ է ստացել 2018 թվականից հետո, երբ Թրամփը դուրս է եկել Թեհրանի և վեց համաշխարհային տերությունների միջև 2015 թ. միջուկային համաձայնագրից և վերականգնել է պատժամիջոցները:

Թեհրանը վրեժ է լուծել Իրաքում Սոլեյմանիի սպանության համար ԱՄՆ ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելով, բայց երկու կողմերը դեռևս հետ են կանգնել առճակատումից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տունը լքելուց հետո իր առաջին օրն անցկացրել է Ֆլորիդայում՝ իրեն պատկանող գոլֆի խաղադաշտերից մեկում:

 
 

 

Twitter-ը «Թրամփին ուղղված սպառնալիքից» հետո արգելափակել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին առնչվող օգտահաշիվը