Վրացի ուսանողները կկարողանան անվճար սովորել ՌԴ-ում

16:32 • 26.01.21

Այսուհետ վրացի դիմորդները հնարավորություն կունենան անվճար սովորել Ռուսասանի Դաշնության ուսումնական հաստատություններում: Sputnik-ի վրացական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանում ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Սվենտիցկին:

Նա շեշտել է, որ 2021-ին, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի լավագույն համալսարաններում Վրաստանին կհատկացվի մոտ 120 տեղ:

Խորհրդի նախագահն իր խոսքում հստակեցրել է նաև, որ այդ նպատակով հունվարի 20-ին ՌԴ բյուջեի հաշվին 2021-22 թվականներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար դիմորդների հավաքագրման արշավ է սկսվել: Նրա վստահեցմամբ՝ մրցակցությունը բարձր է և 120 տեղի համար պայքարում է 700 դիմորդ:

«Կարծում եմ, որ ռուսական կրթությունը նախ շատ լավն է, ուժեղ, դասական, այստեղ սովորելու են ժամանում ամերիկացիներ, անգլիացիներ, թեև Անգլիան ունի հիանալի համալսարաններ ու դպրոցներ: Երկրորդ՝ Ռուսաստանը մեր հարևանն է, և այստեղ շատ խնդիրներ են վերանում, որովհետև Ռուսաստանում ապրելն, իհարկե, ավելի էժան է, քան, օրինակ, Ֆրանսիայում: Բացի այդ, մտածելակերպն է նույնը, կրոնը»,- պարզաբանել է Նիկոլայ Սվենտիցկին:

Խորհրդի համակարգողը տեղեկացրել է նաև, որ բոլոր ցանկացողները կարող են մինչև փետրվարի 20-ը, լրացնել հարցաթերթիկը, որը տեղադրված է նախաձեռնության պաշտոնական կայքում:

Վրացի ուսանողները կկարողանան անվճար սովորել ՌԴ-ում