«Սպուտնիկ V» պատվաստանյութը նախատեսվում է երկու շաբաթում գրանցել 25 երկրում
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևն ակնկալում է, որ «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային ռուսական պատվաստանյութը առաջիկայում կգրանցեն ավելի քան երկու տասնյակ երկրում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեր «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներկայում գրանցված է 14 երկրում, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք դրա գրանցմանն ավելի քան 25 երկրում»,- ասել է Դմիտրիևը՝ առցանց ձևաչափով անցկացվող Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովի նստաշրջանի ընթացքում:
Հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ իրենց կառույցն անհատականորեն աշխատել է յուրաքանչյուր երկրի հետ և պատվաստանյութի մեծ քանակությամբ միջազգային գործընկերություններ ստեղծել պատվաստանյութի արտադրության գծով:
Հիշեցնենք՝ «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված և ստուգված հարթակի վրա, որի էական առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունն ու երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը:
Ներկայում «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը գնահատվում է 90 տոկոսից բարձր, պատվաստանյութը լիակատար պաշտպանություն է ապահովում կորոնավիրուսով հիվանդության ծանր դեպքերից:
Դեղամիջոցն արդեն իսկ ստացել է կարգավորիչների հավանությունը Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Սերբիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում և Թուրքմենստանում:
Բացի այդ, նախաձեռնվում է պատվաստանյութի գրանցման գործընթացը ԵՄ-ում և ԱՀԿ-ում:










