«ԵՄ-ն ինքն է մեղավոր պատվաստանյութերի հետ կապված աղետի համար». The Spectator-ը՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարումը ԵՄ նվազեցման մասին

15:41 • 26.01.21

Բրիտանական The Spectator ամսագրում լույս է տեսել հոդված, որում հեղինակ Մեթյու Լինը խոսում է Եվրոպական Միության և կորանավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրող ընկերությունների միջև առկա լարվածության և դրա պատճառների մասին:

Հոդվածագիրը նշում է, որ այսօր, երբ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Pfizer և Astra Zeneca ընկերությունները 60 տոկոսով կրճատում են պատվաստանյութերի մատակարարումը Եվրոպական Միությանը, ԵՄ-ի պաշտոնյաներն սկսել են կտրուկ քննադատել դեղագործական ընկերություններին , ինչպես նաև սպառնացել են տուգանքներով և դատական գործընթացներով: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն անընդունելի է համարել նման ձգձգումները և սպառնացել դատի տալ ընկերություններին: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, իր հերթին, սպառնացել է օգտագործել իրենց տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցները՝ դեղագործական ընկերություններին ստիպելով կատարել ԵՄ-ի հետ կնքված պայմանագրերով սահմանված պարտավորությունները:

«Բայց սպասեք: Եթե ուշադիր նայենք, ապա պարզ է դառնում, որ պատվաստանյութերի աղետի մեղավորը Եվրոպական Միությունն է», - գրել է Լինը:

Հեղինակը նշել է, որ ԵՄ անդամ պետություններում պատվաստվում են 100 մարդուց 1.9-ը, ի տարբերություն Իսրայելի, որտեղ 100-ից 40-ն են պատվաստվում և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, որտեղ պատվաստումների թիվը 100 մարդու հաշվով համապատասխանաբար հասնում է 9.3-ի և 6.2-ի: Անընդհատ աճող և հիմնավորված քննադատությունների ֆոնին Բրյուսելը խոստացել է բոլոր քաղաքացիների համար պատվաստումներն ավարտել մինչև ամառ, ինչի համար անհրաժեշտ կլինի հինգ անգամ արագացենլ պատվաստումների գործընթացը:

«Եվրոպական Միությունը մեղավորների որոնման բուռն ընթացքի մեջ է: Սակայն սկսենք նրանից, որ Դեղերի եվրոպական գործակալությունը դեռևս չի հաստատել Օքսֆորդում փորձարկված Astra Zeneca պատվաստանյութը և, հակառակ դրան, մեծ քանակությամբ պատվեր է իրականացրել», - գրել է Լինը` նշելով, որ ընկերության դեմ ամբողջ Եվրոպայում դատական գործեր են հարուցվում` պատվաստանյութերի անբավարար պաշարների համար, սակայն այս պատվաստանյութն ինքնին նույնիսկ չի հաստատվել վաճառքի համար: Ըստ Wall Street Journal- ի, պատվաստանյութը հաստատելուց հետո կարող են հետագա ձգձգումներ տեղի ունենալ, քանի որ պիտակները պետք է տպվեն ԵՄ անդամ պետությունների բազմաթիվ լեզուներով:

Իրականում, հեղինակի պնդմամբ, ԵՄ-ի պատվաստանյութերի գնման ծրագիրը լիակատար խառնաշփոթի է վերածվել: Բրյուգելի ինստիտուտի տնօրեն Գութրամ Ուոլֆը թվիթերյան իր հաշվում գրել է. «ԵՄ-ն ավելի քիչ գումար է ծախսում պատվաստանյութի չափաբաժնի  վրա, քան զարգացած արդյունաբերություն ունեցող մյուս երկրները: Նման ժլատությունը հղի է մարդկային կորուստներով: Դա պարզապես անհնար է պատկերացնել»:

Հոդվածագիրը նշել է, որ Իսրայելը Pfizer պատվաստանյութի մեկ չափաբաժնի համար վճարում է 30 դոլար` մոտավորապես կրկնակի շատ, քան վճարելու է Եվրոպական Միությունը և հավելել, որ եթե ԵՄ-ն պատվաստանյութի դիմաց վճարեր իսրայելական գնով, դա Միության համար կարժենար լրացուցիչ չորս միլիարդ եվրո:

Եզրափակելով հոդվածը` Մեթյու Լինը նշել է, որ հենց Եվրոպական Միությունն է մեղավոր առաջացած ճգնաժամի համար` հաշվի առնելով այն փաստը, որ պատվաստման գործընթացը սկսած երկրներում մահացությունը սկսել է կտրուկ նվազել, իսկ ԵՄ-ն դեռ երկար ժամանակ ստիպված կլինի թանկ վճարել:

«Որքան շատ եք ծախսում զարգացման վրա, այնքան շատ շանսեր ունեք արդյունքի հասնելու համար», - գրել է հոդվածագիրը:

«ԵՄ-ն ինքն է մեղավոր պատվաստանյութերի հետ կապված աղետի համար». The Spectator-ը՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մատակարարումը ԵՄ նվազեցման մասին