Twitter-ը ներկայացրել է Birdwatch գործառույթը, որը միտված է պայքարել ապատեղեկատվության դեմ
Twitter միկրոբլոգային ծառայությունը հայտարարել է կեղծիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի համար նախատեսված նոր գործառույթի՝ Birdwatch-ի գործարկման մասին, որում օգտվողները կարող են մեկնաբանություններ թողնել: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:
Այս պահին համակարգը աշխատում է փորձարկման ռեժիմում առանձին կայքի միջոցով: Եթե այն դրական արդյունք ցույց տա, ապա գործառույթը կգործարկվի նաև Twitter-ի հիմնական հարթակում:
Ծառայությունը կգործի հետևյալ կերպ. օգտատերերը կկարողանան մեկնաբանություններ թողնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք, իրենց կարծիքով, կեղծ են կամ ապակողմնորոշող, և ապա մյուս օգտվողները կկարողանան գնահատել, թե որքանով է օգտակար այդ մեկնաբանությունը:
Նշվում է՝ նման քայլով Twitter-ը ցանկանում է ստեղծել «դիտորդների» համայնք և հույս ունի, որ նման փորձը նման կլինի Reddit-ին կամ Wikipedia-ին:
Բացի այդ, ընկերությունը շուրջ 100 հարցազրույց է անցկացրել Twitter-ի միջոցով աշխատող քաղաքական գործիչների հետ և նրանց աջակցություն է ստացել նախաձեռնության կապակցությամբ:










