Թուրքիայում 80-ամյա դերասանուհուն մոտ 5 տարվա ազատազրկում է սպառնում սոցիալական ցանցերում Էրդողանին վիրավորելու համար
Թուրքական դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք դերասանուհի Նիլյուֆեր Այդանի դեմ, որը, նրանց խոսքով, վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է թուրքական Cumhuriyet թերթը:
80-ամյա դերասանուհուն 4 տարի և 8 ամիս ազատազրկում է սպառնում սոցիալական ցանցերում 2016-2018 թվականներին «Էրդողանի հասցեին վիրավորական գրառումներ կատարելու համար», հայտնում է թերթը:
Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածին համապատասխան՝ երկրի նախագահին վիրավորելը հանցագործություն է և դրա դեպքում սպառնում է չորս տարի առավելագույն պատիժ։
Նախօրեին լսումների ժամանակ Այդանը հերքել է մեղադրանքները։
«Ես չեմ կարծում, որ նախագահն ինձ դատի կտա այն պարագայում, երբ աշխարհում այսքան բան է տեղի ունենում, այդ թվում՝ համավարակը»,- ասել է Այդանը:










