Apple-ը խոստովանել է, որ iPhone 12-ը վտանգ է ներկայացնում սրտի խնդիրներ ունեցողների համար

09:59 • 27.01.21

Ամերիկյան Apple ընկերությունը խոստովանել է, որ iPhone 12-ը կարող է վնասել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց: Այս մասին տեղեկացվում է ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են, որ iPhone 12-ն ունի մի շարք մագնիսներ, որոնք թվով ավելին են, քան Apple սմարթֆոնների նախորդ մոդելներում եղած մագնիսները: Մոտ շփման դեպքում այդ մագնիսները կարող են փոխազդել փոխպատվաստված կարդիոստիմուլյատորների և դեֆիբիլյատորների հետ: Այս առումով, անլար լիցքավորման ժամանակ խորհուրդ է տրվում սարքը պահել ավելի քան 15 կամ 30 սանտիմետր անվտանգ հեռավորության վրա:

Ընկերությունը նաև առաջարկել է, նախքան սմարթֆոնն օգտագործելը խորհրդակցել բժշկի, առողջապահության ոլորտի մասնագետի կամ բժշկական սարքեր արտադրող անձի հետ. «Եթե կասկածում եք, որ iPhone-ը կամ MagSafe-ի ցանկացած պարագա խանգարում են ձեր բժշկական սարքի գործունեությանը, ապա դադարեցրեք iPhone-ի կամ MagSafe-ի պարագաների օգտագործումը»:

2020 թվականի աշնանը ներկայացված iPhone 12 սմարթֆոնները, ինչպես նաև MagSafe անլար լիցքավորման սարքերը, պարունակում են որոշակի քանակությամբ մագնիսներ: Դրանք ապահովում են հեռախոսի ճիշտ դիրքը լիցքավորիչի և աքսեսուարների կցման դեպքում:

Ավելի վաղ բժիշկները նկատել էին, որ iPhone 12 հեռախոսների մեջ ներկառուցված մագնիսները կարող են շարքից հանել փոխպատվաստված սրտի խթանիչները:

Apple-ը խոստովանել է, որ iPhone 12-ը վտանգ է ներկայացնում սրտի խնդիրներ ունեցողների համար