Աշխարհը կարող է նոր համավարակի առաջ կանգնել Nipah վիրուսի տարածման պատճառով. The Guardian

14:02 • 28.01.21

Հավանական է, որ աշխարհը նոր համավարակի առաջ կանգնի՝ պայմանավորված Nipah վիրուսի տարածմամբ: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդներում գործող Հասանելիություն բժշկությանը հիմնադրամի անկախ զեկույցը:

Ըստ այդմ՝ կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների կառավարությունների և այլոց կողմից, հատկանշական է համարել Չինաստանում Nipah վիրուսի բռնկումը՝ որպես հավանական համաճարակային հաջորդ մեծ ռիսկ:

«Nipah վիրուսը ևս մեկ զարգացող վարակիչ հիվանդություն է, որը մեծ անհանգստություն է առաջացնում: Այն կարող է ցանկացած պահի բռնկվել», - այս առնչությամբ ասել է հիմնադրամի գործադիր տնօրեն Ջայասրի Կ. Այերը:

Նշենք, որ Nipah-ն կարող է առաջացնել լուրջ շնչառական խնդիրներ և էնցեֆալիտ, գլխուղեղի այտուցվածություն: Այս պահի դրությամբ հիվանդությունից մահացության ռիսկը կազմում է 40%- 75%` կախված նրանից, թե որտեղ է բռնկումը:

Վիրուսակիրները պտղակեր թռչող չղջիկներն են, որոնք լայնորեն տարածված են Չինաստանի հարավում, Հարավարևելյան Ասիայում, Նոր Գվինեայում և Ավստրալիայում։

Հիշեցնենք՝ վարակը հայտնաբերվել է 1999 Նիպա գետի հովտում բնակվող ֆերմերների շրջանում, որոնք հավանաբար շփվել են վարակված խոզերի հետ կամ կերել չղջիկների արտաթորանքով աղտոտված պտուղներ։ Նշվում է, որ վիրուսը նկատվել է նաև Աֆրիկայի չղջիկների մոտ։

Հնդկաստանում և Բանգլադեշում վիրուսի տարածումը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է բնակիչների կողմից արմավենու հյութ խմելու հետ:

 

Աշխարհը կարող է նոր համավարակի առաջ կանգնել Nipah վիրուսի տարածման պատճառով. The Guardian