1 տարում՝ ավելի քան 9,53 միլիոն մեքենա. Toyota-ն դարձել է 2020թ. աշխարհում ամենաշատ մեքենա վաճառած ընկերությունը

11:13 • 28.01.21

Ճապոնական Toyota Motor առաջատար ավտոկոնցեռնը 2020թ. օրացուցային տարվա ընթացքում ամբողջ աշխարհում վաճառել է ավելի քան 9,53 միլիոն մեքենա՝ այս ցուցանիշով այլ ընկերությունների շարքում դառնալով համաշխարհային առաջատար: Այս մասին նշված է Toyota Motor-ի կողմից հինգշաբթի օրը ներկայացված զեկույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միևնույն ժամանակ, համաշխարհային վաճառքները, ներառյալ Toyota-ի խմբի արտադրող Daihatsu Motor-ի և Hino Motors-ի արտադրանքները, 2020 թվականին 2019-ի համեմատ նվազել են 11,3% -ով: Սակայն ճապոնական կոնցեռնի հիմնական մրցակիցը՝ գերմանական Volkswagen ավտոհսկան, նույն ժամանակահատվածում վաճառել է մոտ 9,3 միլիոն ավտոմեքենա, ինչը ճապոնական կորպորացիային դարձրել է համաշխարհային առաջատար: Այս վարկանիշը Toyota-ն վերջին անգամ գլխավորել էր 2015 թվականին:

Toyota Motor-ը, չնայած համաճարակի բացասական ազդեցությանը և գործարանների աշխատանքի դադարեցմանը, տարեվերջին արտադրությունը հասցրել է ընկերության պատմության մեջ ռեկորդային մակարդակի: Դա հիմնականում պայմանավորված է Չինաստանում պահանջարկի ավելացմամբ, որն այլ երկրներից արագ է վերականգնվում համավարակի պատճառած դժվարություններից:

Եվրոպայում Toyota-ի վաճառքներն աշխարհի այլ տարածաշրջանների համեմատ ամենաքիչն են տուժել: Ընդհանուր առմամբ, ճապոնական կոնցեռնը եվրոպական երկրներում վաճառել է շուրջ 960 000 մեքենա, ինչը 8.5%-ով է պակաս է, քան 2019 թվականին:

1 տարում՝ ավելի քան 9,53 միլիոն մեքենա. Toyota-ն դարձել է 2020թ. աշխարհում ամենաշատ մեքենա վաճառած ընկերությունը