Մահացել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Պաուլ Կրուտցենը
Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Պաուլ Կրուտցենը մահացել է 87 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Մայնց քաղաքում գտնվող Մաքս Պլանկի քիմիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը, որտեղ գիտնականը աշխատել է 20 տարի:
«Պաուլ Կրուտցենը շատ առումներով պիոներ էր: Նա առաջինն էր, որը ցույց է տվել, թե ինչպես է մարդկային գործունեությունը սպանում օզոնային շերտը: Օզոնի քայքայման պատճառների հայտնաբերումը հիմք է դարձել ամբողջ աշխարհում օզոն քայքայող նյութերի կիրառման արգելքի համար. եզակի օրինակ այն բանի, թե ինչպես Նոբելյան մրցանակի արժանի հիմնարար հետազոտությունը կարող է ուղղակիորեն հանգեցնել գլոբալ քաղաքական որոշման»,-ասել է Մաքս Պլանկի հիմնադրամի տնօրեն Մարտին Ստրատմանը:
Նշվում է, որ Կրուտցենի մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր: Գիտնականը ուներ կին, 2 դուստր և 3 թոռ:
Կրուտցենը և նրա գործընկերները Նոբելյան մրցանակի են արժանացել Երկրի օզոնային շերտի վրա ազոտի օքսիդների ազդեցությունն ուսումնասիրելու և օզոնային անցքեր առաջացնող քիմիական գործընթացները հայտնաբերելու համար: Գիտնականը նաև ուսումնասիրել է մարդու գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:










