2021-ին Երկրի բնակիչներն ականատես կլինեն արեգակնային և լուսնային մի քանի խավարման, երկնաքարային հոսքի և նույնիսկ կտեսենեն Յուպիտերը, Սատուրնը, Մարսը և Վեներան
2021 թվականին Երկրի բնակիչները կարող են ականատես լինել մի քանի լուսնային և արեգակնային խավարումների, երկնաքարային հոսքի, ինչպես նաև որոշակի ժամանակահատվածում կկարողանան երկնակամարում տեսնել մի քանի մոլորակ: Այս մասին գրում է Interfax-ը:
Նշվում է՝ սպասվող խավարումներից առաջինը տեղի կունենա մայիսի 26-ին: Այդ օրը Երկրի ստվերը կծածկի Լուսինը: Մասնակի լուսնային խավարմանը կարող են հետևել ՌԴ արևելյան սուբյեկտների բնակիչները, իսկ երևույթն ամբողջությամբ կարող են տեսնել Ավստրալիայի բնակիչները: Երկրորդ լուսնային խավարումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին: Այդ դեպքում անգամ այն կարելի է ամբողջությամբ տեսնել Ռուսաստանից, մասնավորապես, Կամչատկայից ու Չուկոտկայից:
Միևնույն ժամանակ նույն տարածաշրջանից հունիսի 10-ին հնարավոր կլինի տեսնել նաև օղակաձև արեգակնային խավարումը: Ըստ «Ռոսկոսմոս»-ի տվյալների՝ օղակաձև արեգակնային խավարումը կնկատվի Ռուսաստանում 50 տարվա մեջ առաջին անգամ:
Բացի այդ, այս տարի սպասվում է 7 երկնաքարային հոսք: Դրանցից առաջինը՝ Լիրիդները, տեղի կունենա ապրիլի 22-ին: Ամենավառ հոսքերն Ակվարիդները, Դրակոնիդները, Պերսեիդները և Գեմինիդներն են, որոնք համապատասխանաբար կնկատվեն մայիսի 6-ին, հոկտեմբերի 8-ին, օգոստոսի 12-ին և դեկտեմբերի 14-ին:
2021 թ.-ին Երկրի բնակիչները կկարողանան տեսնել նաև Արեգակնային համակարգի մոլորակները: Այսպես՝ Մերկուրին կարելի է տեսնել մայիսին՝ առավոտյան, և հոկտեմբերին՝ երեկոյան, օգոստոսին՝ Յուպիտերն ու Սատուրնը, տարվա առաջին կեսին՝ Մարսը, իսկ երկրորդին՝ Վեներան:










