Ալիևն ու Էրդողանը քննարկել են Արցախում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր

18:10 • 30.01.21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:

«Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը շնորհավորել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի բացման կապակցությամբ: Երկու երկրների ղեկավարները համոզմունք են հայտնել, որ կենտրոնի գործունեությունը տարածաշրջանում խաղաղության ապահովմանը կծառայի»,- ասվում է հաղորդագրությունում:

Բացի այդ, զրուցակիցները գոհունակություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրած եռակողմ հայտարարության պահանջների կատարման վերաբերյալ: Նրանք քննարկել են նաև թուրքական ընկերությունների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, վերականգնողական աշխատանքներին մասնակցության հարցը:

«Միևնույն ժամանակ կողմերը զրույցի ընթացքում նշել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում երկուստեք աջակցության կարևորությունը»,- հստակեցված է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, այսօր Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, որի պահպանումը կիրականացվի ադրբեջանական բանակի կողմից։

Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։