ԼՂ–ում տրանսպորտային հաղորդակցության ապահովման հարցերով ենթախմբեր կձևավորվեն մինչև փետրվարի 2-ը  

23:43 • 30.01.21

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել փորձագիտական ենթախմբեր ստեղծել տրանսպորտային փոխադրումների և դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև վերահսկողության այլ հարցերով:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն աշխատանքային խմբի նիստի ավարտին:

«Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը. երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված տրանսպորտային փոխադրումների, փոխադրումների ապահովման հարցերով, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակների»,- ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ենթախմբերի ձևավորումը նախատեսվում է ավարտել մինչև փետրվարի 2-ը:

Հիշեցնենք, որ ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայտարարվել է Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հունվարի 11-ին կայացած գագաթնաժողովի ավարտին: Աշխատանքային խմբի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին: