Արկադի Ռոտենբերգը հայտարարել է՝ Պուտինին վերագրվող դղյակն իրականում իրեն է պատկանում
Ռուսաստանցի միլիարդատեր Արկադի Ռոտենբերգը հայտարարություն է տարածել այն մասին, որ Գելենջիկում գտնվող դղյակը, որը ենթադրաբար պատկանում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, իրականում իրենն է: Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը:
Նշվում է՝ շինությունն իրականում որպես հյուրանոց է օգտագործվելու և հենց դրանով է պայմանավորված մեծաթիվ սենյակների առկայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հունվարի 19-ին Հակակոռուպցիոն հիմնադրամը հրապարակել էր երկժամյա տեսանյութ Գելենջիկի մոտակայքում գտնվող Պրասկովևկա գյուղում գտնվող մի շինության մասին, որը հետաքննության շրջանակում ներկայացվում է որպես «Պուտինի պալատ»:
Անշարժ գույքի կառուցման մասին նշվել է 2010 թվականին Սանկտ Պետերբուրգից ժամանած գործարար Սերգեյ Կոլեսնիկովի բաց նամակում: Փաստաթղթում նշված էր, որ շենքի անվանական սեփականատերը գործարար Նիկոլայ Շամալովն է:
Բաց նամակի հրապարակումից մի քանի ամիս անց գործարար շինության սեփականատերը դարձել էր Ալեքսանդր Պոնոմարենկոն:
Ըստ հետաքննության՝ իրականում շենքը պատկանում է Պուտինի շրջապատին, և այն կառուցվել է «Ռոսնեֆտ»-ի և «Տրանսնեֆտ»-ի հաշվին: Բացի այդ, նշվում է, որ կալվածքի տարածքում կա սառցե պալատ, եկեղեցի, հսկայական ջերմոց, ամֆիթատրոն և դեպի թեյարան տանող կամուրջ:










