Չի կարելի ապրել հանուն մահվան, իրավունք չունենք կյանքի վրա խաչ քաշել, մշակույթն է, որ մարդուն դարձնում է մարդ, ապրեցնում է. Ռուբեն Բաբայան

12:05 • 31.01.21

Չափից ավելի շատ է քաղաքականացված մեր հասարակությունը,  ընդ որում շատ պարզունակ ձևով` թշնամի -բարեկամ, տականք-հրեշտակ և սա գալիս է մշակույթի պակասից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով հասարակության մշակութային կյանքին:

«Բայց ես չէի համաձայնվի, որ մշակույթը մղվել է երկրորդական պլան, ես նկատի չունեմ պետական վերաբերմունք, որոշակի տենդեցներ, այլ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու մոտ միշտ կա ձգտում դեպի լուսավորը, ազնվականը և դա մենք զգում ենք նույնիսկ մեր ներկայացումների օրինակով: Հունվարին այնքան  հանդիսատես է եկել, որ վերջին հինգ տարվա ընթացքում այդքան հանդիսատես չէր գալիս»,-ասաց նա:

Նա նկատեց, որ մշակույթն է, որ ապրեցնում է ժողովրդին, սակայն մշակույթի և արվեստի կենտրոնում պետք է լինի մարդը որպես մեծագույն արժեք, եթե այդպես եղավ այն կիմաստավորի մեր կյանքը: «Ապրել կարելի է հանուն կյանքի, չի կարելի ապրել հանուն մահվան, նույնիսկ մահվանը պետք է գնալ հանուն կյանքի, մենք իրավունք չունենք կյանքի վրա խաչ քաշել, առավելևս հիասթափությունները փոխանցել երեխաներին»,-ասաց նա և շատ կարևորեց ուշադրության կենտրոնում պահել զոհվածների ընտանիքներին, վիրավորներին, քանի որ սա է ցույց տալիս մարդասիրական մոտեցումը:

«Մենք ողբը դարձրել ենք ազգային մշակույթ, իսկ դա սխալ է, մեզ թվում է որ երկար ողբալով մեր հարգանքն ենք մատուցում, սակայն մեր հարգանքը մարդկանց կյանք, հույս տալն է»,-ասաց նա:

Դիտարկմանը թե այս պատերազմը ցույց տվեց, որ մենք նույնիսկ արժանապատվորեն սգալ չենք կարողանում, Ռուբեն Բաբայանը նկատեց, որ Եռաբլուր, գերեզմանատուն պետք է գնալ լուռ: «Մենք նույնիսկ այդ սուգը դարձնում ենք ակցիա: Եռաբլուրը դարձնել հակամարտության գոտի, դա ամենասխալ բանն է: Բայց քանի որ մենք ողբը, մահը դարձնում ենք մշակութային արժեք, սկսում ենք այնտեղ օգտագործել բոլոր այդ էլեմենտները: Այն, ինչ կատարվեց Եռաբլուրում, դա մեծագույն անարգանք էր զոհվածներին»,-ասաց նա:

Ռուբեն Բաբայանը նշեց. որ մշակույթը շատ լայն հասկացողություն է և մշակույթն է, որ մարդուն դարձնում է մարդ, և երբ այն պակասում է մեր կյանքում, այդ դատարկությունը լրացվում է ագրեսիայով, ատելությամբ:

«Եթե մարդու մեջ կա մշակույթ, նա ծայրահեղ վիճակում նույնիսկ չի կարող անցնել սահմանը: Կա սահմանային վիճակ հասկացություն, երբ մարդը բացահայտում է իր էությունը, ցավոք, այն, ինչ կատարվեց մեր երկրում դա այդ սահմանային վիճակն էր և մարդիկ սկսեցին բացահայտվել իրենց էությունով: Մենք պետք է հասկանանք, որ ահավոր մեծ բաց ունենք մշակութային կրթության հարցում, շատ պարզունակ ենք վերաբերում մշակույթին, մշակույթը ամեն ինչում է և մեր երկիրը երբեք չի դառնա քաղաքակիրթ, եթե չլինի մշակույթը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մեր մշակութային կորուստներին, ապա Ռուբեն Բաբայանը նախ ասաց, որ ամենամեծ  կորուստը համարում է մարդկային կյանքը:  «Եթե ես ընտրության հնարավորություն ունենայի, ես կընտրեի մարդկային կյանքը, բայց կա մշակույթ և շատ հուշարձաններ, թանգարանային նմուշներ, որոնք մնացել են թշնամու գրաված տարածքներում: Սրանով պետք է լուրջ զբաղվել` բոլոր ուղղություններով, այդ թվում միջազգային կազմակերպություններով և անմիջականորեն կոնտակտի մեջ մտնելով ադրբեջանցիների հետ, որքան էլ դա դժվար է, անհույս է, բայց մենք պետք է իմանանք, որ երբ մեր գործերը հանձնարարում ենք երրորդ կողմին, նա այդ գործերը անում է առաջին հերթին` ի շահ իրեն, և սա շատ բնական է»,-ասաց նա և նշեց, որ կան բազմաթիվ ճանապարհներ, որ խաչ չքաշենք այն մշակութային կոթողների վրա, որոնք վերահսկողության տակ չեն:

Ինչ վերաբերում է պատերազմին մշակութային գործիչների մասնակցությանը, ապա Ռուբեն Բաբայանն ասաց, որ կարծում է, որ  պատերազմի ժամանակ յուրաքանչյուրը պետք է տա այն ամենակարևորը, որը կարող է տալ, իսկ մշակութային գործիչները կարող են միշտ ոգևորել զինվորներին, ինչը եղել է համաշխարհային պատերազմին և դա ավելին կլիներ :Նա նշեց, որ իրենց թատրոնն էլ ունեցել է կորուստներ, վիրավորներ:

 «21-րդ դարում պատերազմական գործողությունների  ժամանակ ավելի անկազմակերպ վիճակ դժվար եմ պատկերացնում, ի՞նչ ջոկատների մասին էր խոսքը, ինչ կուսակցական ջոկատների մասին: Մենք պետք է արձանագրենք, որ մտանք այս պատերազմ նախորդ դարվա մտածողությամբ և մեր թշնամին այս տարիները օգտագործեց, որ բանակը դարձնի 21-րդ դարի բանակ, մենք դա չարեցինք և դրա պատճառով տվեցինք այդքան զոհ: Պարտությունը կարող ենք դարձնել հաղթանակ, եթե այդ պարտությունից կրենք շատ ճիշտ դասեր, պարտությունը շատ դեպքում լինում է ավելի լավ ուսուցիչ, քան հաղթանակը, դա մենք մեր օրինակով տեսանք: Պետք է սթափ վերլուծենք, և դրա համար էլ է մշակույթ պետք»,-ասաց նա: