Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ դատարկ սառնարան են բերել խորհրդարանի շենքի մոտ

19:17 • 31.01.21

Վրաստանում քաղաքացիական ակտիվիստներն այսօր ցույց են իրականացրել երկրի խորհրդարանի մոտ, ուր դատարկ սառնարան են բերել, որի վրա գրված էր. «Ժողովուրդը սովամահ է լինում»:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, Ռուսթավելի պողոտայում կազմակերպված բողոքի ակցիան իրականացրել է «Միասնական երիտասարդությունը Վրաստանի համար» շարժումը: Մոտ հարյուր մարդ է դուրս եկել բողոքելու երկրում գործող սահմանափակումների դեմ՝ պահանջելով վերացնել դրանք:

«Սառնարանը կորցրել է իր գործառույթը, և այդպես գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Այդ իսկ պատճառով իմ խնդրանքն ու կոչն է բացել տնտեսությունը: Նրանք ժամանակ ունեն մինչև վաղը՝ փետրվարի 1-ը»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշվում է, որ նույն պահանջով ևս մեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել Ազատության հրապարակում:

Ակտիվիստներն ու ընդդիմադիր գործիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել նաև Քութայիսում: Ցուցարարները պահանջում են վերացնել սահմանափակումներն այն ոլորտներում, որոնց աշխատանքն անմիջական կապ ունի տնտեսության զարգացման հետ:

Նշենք, որ Վրաստանում սահմանափակումներ են սահմանվել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Համավարակի ողջ ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 258 111 մարդ, որից 3178-ը մահացել է: