Հաճախ եմ հիշում Շուշիում Սպարապետի՝ իմ քանդակած արձանի բացումը, և տեղս չեմ գտնում, երբ վարչապետը պնդում է, թե Շուշին հայկական չէ. Լևոն Թոքմաջյան (տեսանյութ)

21:51 • 19.02.21

Պատերազմի վերջում միայն ես հասկացա, որ պարտվում ենք, սկզբում այլ կերպ էինք մտածում, բոլորս ոգևորված ու խանդավառված էինք, բայց ամեն ինչը գլխիվայր շուռ եկավ․ հասկացա, որ եթե ադրբեջանցիները մտել են Շուշի, Սպարապետի արձանը կպղծեն, դա հաղթանակած մարդու արձան է, այդ օրերին ես պատրաստակամություն հայտնեցի քանդակը տեղափոխելու Շուշիից, բայց ինձ ոչ ոք չարձագանքեց:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը:

«Շուշիի կորուստն ինձ համար ցավալի է, ես կարծես այդ քաղաքի բնակիչ լինեի։ Ղազանչեցոց փողոցում երեք առանձնատուն պետք է դառնային մշակութային կենտրոններ, այդ ժամանակ ես աշխատում էի Քրիստափոր Իվանյանի քանդակի վրա։ Ես Շուշիում խեցեգործության տուն հիմնեցի, քանի որ այնտեղի կավը հրաշալի է։ Պետք է նաև դարբնոց բացեինք։ Ցավալի է, որ այդ ամենը կորցրինք։ Ես իմ տեղը չեմ գտնում, երբ վարչապետն ասում է՝ Շուշին հայկական չէ։ Հիմա այն մերը չէ, և ինձ անընդհատ հարցնում եմ՝ ինչո՞ւ մերը չէ, չէ՞ որ այն ուղնուծուծով հայկական է, ինչպե՞ս կարելի է ասել, թե հայկական չէ»,- ասել է արվեստագետը:

Ըստ Թոքմաջյանի՝ ամոթալի է, որ նույնիսկ ռուս քաղաքագետներն են պնդում, թե Շուշին հայկական է, իսկ մեր իշխանությունը հակառակն է ասում. «Հայ ժողովրդի ողնաշարը կոտրվել է, պարզ չէ՝ ինչ է լինելու վերջը։ Ապագա իշխանությունը պետք է խոստանա, որ Հադրութն ու Շուշին կվերադարձնի։ Արցախը մեզ համար լեռան գլխին վարդ էր։ Գանձասարում պիտի Պըլը Պուղիի քանդակը դնեինք։ Մարտունու քաղաքապետը վերջերս ասաց՝ եթե Նժդեհի արձանը հանենք, ադրբեջանցիները հանել կտան նաև Մոնթեի քանդակը։ Որդիս մասնակցել է Շուշիի ազատագրմանը, նա չի կարողանում հաշտվել այս իրողության հետ»:

Քանդակագործի կարծիքով՝ պետք է պարզել՝ սա դավաճանությո՞ւն էր, դավադրությո՞ւն, թե՞ անկարողություն. «Երբ Սպարապետի քանդակը բացվում էր Շուշիում, ես ելույթումս ասացի՝ նա մեր հայկական Գարիբալդին է։ Ինչքան եմ Գորիսից Կապան գնացել, հիմա տեսնելու եմ թուրքի դրոշ ու «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակնե՞ր։ Դա պետք է սովորակա՞ն դառնա։ Թուրքերը մղվելու են առաջ, նրանք չեն հագենալու, քանի որ արնախում են։ Էրդողանը մեզ ասում էր՝ հայերն անցյալի մնացորդներն են, այսինքն՝ կոտորածից հետո էլ մնացել են։ Մենք նրանց հետ ինչպե՞ս ենք առևտուր անելու, դա անհնար է»:

Լևոն Թոքմաջյանի պնդմամբ՝ պետք է պարզել, թե ինչո՞ւ փլուզվեց տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, շատերն ասում են՝ հրամանատարներին հետ են կանչել, զինվորը մնացել է առանց ղեկավարի։

«Միանգամից երկու թուրք մարդասպաններին ազատեցինք, իսկ նրանք մեզ իրենց ուզած ձևով օգտագործում են։ Երբ Ալիևը բռունցք է ցույց տալիս, ինձ թվում է՝ դա ինձ է ուղղված։ Վարչապետի լռությունը տարակուսանք է ստեղծում։ Ինչո՞ւ այդքան զենքերը չենք օգտագործել։ Ես ցավում եմ, որ իրականությունն այսքան շրջադարձային եղավ հայերիս համար։ Ի վերջո, ինչո՞ւ կառավարությունը չի միջամտում մեր սահմանների վերահսկմանը»,- ամփոփել է ՀՀ ժողովրդական նկարիչը:

Դավիթ Սարգսյան