«ԿովիՎակ». ՌԴ-ն գրանցել է հակակորոնավիրուսային 3-րդ պատվաստանյութը

12:15 • 20.02.21

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել է Մ.Պ. Չումակովի անվան իմունակենսաբանական պատրաստուկների հետազոտության և զարգացման դաշնային գիտական կենտրոնում ստեղծված  «ԿովիՎակ» հակակորոնավիրուսային պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ դեղամիջոցի առաջին 127 հազար դեղաչափերը շրջանառության մեջ կմտնեն մարտի կեսերին: Պատվաստանյութի հեղինակները նախատեսում են այն տարածել նաև միջազգային շուկաներում: 

«ԿովիՎակ» պատրաստուկը ոչ միայն թվով երրորդ պատվաստանյութն է «Սպուտնիկ V»-ից և «ԷպիՎակԿորոնա»-ից հետո, այլև տեսակով երրորդը: Այն մշակվել է ամբողջապես ապաակտիվացված կորոնավիրուսի հիման վրա: Պատվաստման ընթացքում մարդու օրգանիզմը ճանաչում է վիրուսի հակագենային կազմը, հիշում այն և ապագայում պատրաստ է լինում դրա բոլոր դրսևորումներին:

Չումակովի կենտրոնի տնօրենի կարծիքով՝ «ԿովիՎակ»-ն արդյունավետ կլինի մուտացիայի ենթարկված կորոնավիրուսային շտամների դեմ, քանի որ դրանում օգտագործվում է ամբողջ վիրուսը, այլ ոչ թե դրա գենոմի մասերը:

Նշվում է՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսվել են հոկտեմբերի սկզբին: Երկրորդ փուլը շուտով կավարտվի, որից հետո փորձարկումներ  կիրականացվեն երեք հազար կամավորների շրջանում:

Պատրաստուկը խորհուրդ էր տրվում օգտագործել 18-ից 60 տարեկան անձանց շրջանում: Այնուամենայնիվ, հարկ եղած դեպքում այն կարող է օգտագործվել 60-ն անց հիվանդների, ինչպես նաև կողմակի հիվանդություններ ունեցողների շրջանում: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

«ԿովիՎակ». ՌԴ-ն գրանցել է հակակորոնավիրուսային 3-րդ պատվաստանյութը