Գիտնականներին հաջողվել է ուշագրավ մանրամասներ պարզել «սպանության իսկական մեքենա» համարվող անթեոզավրի մասին, որն ապրել է շուրջ 260 մլն տարի առաջ (լուսանկարներ)
Ավելի քան 260 միլիոն տարի առաջ ապրած տեռապսիդ դասակարգի հսկա ներկայացուցիչ անթեոզավրի գանգի վերականգնման շնորհիվ հնէաբանները պարզել են, որ այս կենդանին, հակառակ տարածված կարծիքի, իրականում ճարպիկ ու խորամանկ գիշատիչ է եղել, որն իր հսկայական զանգվածի շնորհիվ «սպանության իսկական մեքենա» է եղել։
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Acta Palaeontologica Polonica գիտական ամսագրում:
Նշվում է՝ անթեոզավրը պատկանում է դինոզավրերի նախորդների՝ դինոզեֆալների ընտանիքին: Յուրայի դարաշրջանի դինոզավրերի նման դինոզեֆալները Երկրի վրա գերակշռել են Պերմյան ժամանակաշրջանի կեսերին՝ մոտ 265-260 միլիոն տարի առաջ:
Դատելով նրա զանգվածից, ատամներից, հսկա գանգից և հզոր ծնոտից՝ փորձագետների մոտ կասկած անգամ չի առաջացել նրա վերաբերյալ, որ անթեոզավրը վայրագ գիշատիչ է եղել: Կենդանու չափերը, որոշ վերլուծությունների համաձայն, համեմատելի են խոշոր գետաձիու կամ ռնգեղջյուրի չափերի հետ։ Բացի այդ, այն ունեցել է կոկորդիլոսին բնորոշ պոչ:
Կենդանու մեծ և ծանր ոսկորները հայտնաբերվել են աշխարհի շատ վայրերում: Մինչ օրս, դատելով կենդանու կմախքից, մասնագետները ենթադրել են, որ այն դանդաղաշարժ կենդանի է եղել, որը կարողացել է միայն դարանակալել ու սպասել իր որսին կամ էլ բավարարվել լեշերով: Որոշ գիտնականներ նույնիսկ վստահ են եղել, որ անթեոզավրն այնքան ծանր է եղել, որ կարողացել է ապրել միայն ջրում։
Այնուամենայնիվ, նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ այս դինոզեֆալը բավականին արագ է վազել և լավ է կողմնորոշվել տարածության մեջ, կարողացել է հեշտությամբ գտնել, բռնել և սպանել իր որսին:
Գիտնականները հայտնաբերել են նաև, որ գիշատիչը ունեցել է գլխուղեղի շատ լավ զարգացած հատված, որը պատասխանատու է եղել աչքերի և գլխի շարժումները համակարգելու համար, որը, ըստ հետազոտողների, նրան հնարավորություն է տվել հետապնդել իր որսին և հանկարծակի ցատկել դրա վրա:
«Չնայած անթեոզավրն ապրել է հայտնի տիրանոզավրերից մոտ 200 միլիոն տարի առաջ, այն հաստատ պարզունակ արարած չի եղել և ոչ այլ ինչ է եղել, քան հզոր սպանող մեքենա», - եզրափակել են գիտնականները։












