ԱՄՆ-ում Tinder-ի օգտատերերը կկարողանան ստուգել՝ ​​արդյոք իրենց հավանական զուգընկերը նախկինում բռնություն է գործադրել

12:52 • 17.03.21

Tinder ծանոթությունների հավելվածի օգտատերերը կկարողանան պարզել, թե արդյոք իրենց հավանական զուգընկերը նախկինում բռնություն գործադրել է, թե ոչ:

Այս մասին հայտարարել է ամերիկյան Match Group ընկերությունը, որին պատկանում է Tinder-ը:

Match Group-ը դարձել է Garbo շահույթ չհետապնդող կենսագրական ստուգման ծառայության ներդրողներից մեկը, որի թիրախում են սեռով պայմանավորված բռնության դեպքերը: Garbo-ն բաց աղբյուրներից հավաքագրում է տվյալներ, այդ թվում՝ ձերբակալման հրամանագրեր, դատապարտումներ և պատժաչափեր, բռնության գործադրման առնչությամբ հանցագործությունների վերաբերյալ:

Առաջիկա ամիսներին Match Group-ը կսկսի Garbo-ի ստեղծած գործառույթը ներդնել Tinder հավելվածում, որից հետո այն կտարածվի նաև ծանոթությունների համար նախատեսված այլ ծառայությունների վրա:

Հավանական զուգընկերոջ կենսագրական տեղեկությունների ստուգումը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ում: Match Group-ը դեռևս չի հստակեցնում, թե արդյոք ընկերությունը նախատեսում է ծառայությունը հասանելի դարձնել նաև այլ երկրներում: 

Ընկերությունը չի հայտնել Garbo-ում կատարած ներդրումների չափը: Ըստ TechCrunch-ի՝ այն յոթանիշ թիվ է:

Նշենք՝ Garbo-ն հիմնադրվել է 2018-ին՝ նախկինում սեռով պայմանավորված բռնության զոհ դարձած ամերիկուհի Քեթրին Կոսմիդեսի կողմից: Նա հայտնել էր, որ 120 հազար դոլար է ծախսել բռնարարին պատասխանատվության ենթարկելու համար, որի համար էլ որոշել է օգնել այլ կանանց խուսափել նման իրավիճակներից:

Հիշեցնենք՝ 2020-ի սկզբին հայտնի էր դարձել, որ Tinder-ում նոր կոճակ կհայտնվի, որը կտեղեկացնի  արտակարգ իրավիճակի մասին: Այս գործառույթը սեփական հավելվածում ներդնելու համար Match Group-ը բաժնեմաս էր գնել Noonlight ընկերությունից: Գործառույթի շնորհիվ հավելվածը հետևում է անձի գտնվելու վայրին և անվտանգության սպառնալիքի դեպքում ինքնաբերաբար տեղեկացնում է արտակարգ իրավիճակների ծառայությանը: 

 

 

ԱՄՆ-ում Tinder-ի օգտատերերը կկարողանան ստուգել՝ ​​արդյոք իրենց հավանական զուգընկերը նախկինում բռնություն է գործադրել