Ռուսաստանում 1,8 մլն ռուբլիով «Վոլգա» մեքենա է վաճառքի հանվել (լուսանկարներ)
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում վաճառքի են հանել 1966 թվականի արտադրության ԳԱԶ-21 «Վոլգա» մակնիշի վերանորոգված երկգույն մեքենան: Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, մեքենան կարելի է ձեռք բերել 1,8 մլն ռուբլիով:
Վաճառողի խոսքով՝ մեքենան վերականգնելու համար նրանից 8 տարի է պահանջվել: Մեքենայի թափքը, ինչպես նաև կաշեպատ սրահը ներկայանում են սպիտակ և կարմիր երանգներով:
Նշվում է, որ վերանորոգման ժամանակ մասնագետները բացառապես օրիգինալ պահեստամասեր են օգտագործել: Ինժեներները խորհրդային գործարանային կատալոգների օգնությամբ վերականգնել են ինչպես թափքի մասերը, այնպես էլ ինտերիերի տարրերը, այդ թվում՝ անցյալ դարի կեսերին ստեղծված ռադիոն և ֆիրմային ժամացույցը:
Հետնաքարշակ «Վոլգա»-ն համալրված է 2,4 լիտր ծավալային բենզինային շարժիչով, որը զարգացնում է 64 ձիաուժ հզորություն և աշխատում է մեխանիկական փոխանցման տուփի հետ համատեղ: 55-ամյա մեքենան զարգացնում է առավելագույնը 130 կմ/ժամ արագություն: Մեքենայի վազքը կազմում է ընդամենը 2500 կմ:














