Ֆրանսիան իր օրինական տերերին կվերադարձնի Կլիմտի «Ծառերի տակ գտնվող վարդի թփերը» կտավը

10:20 • 18.03.21

Ֆրանսիան Գուստավ Կլիմտի «Ծառերի տակ գտնվող վարդի թփերը» կտավը կվերադարձնի Ավստրիայի հրեաների հայտնի ընտանիքի ներկայացուցիչ Նորա Ստիասնիի օրինական ժառանգներին:

Այս մասին գրում է BBC-ն, նշելով՝ 1938 թվականի օգոստոսին վերջինս ստիպված է եղել վաճառքի հանել կտավը, երբ Անշլյուսի ժամանակ (Ավստրիայի տարածքի բռնի միավորումը Նացիստական Գերմանիային,- Tert.am) ինքն և իր հարազատները գտնվել են գոյատևման եզրին: 

Նշվում է՝ Նորան Կլիմտի կտավը ժառանգել է իր հորեղբորից՝ ավստրիացի արդյունաբերող և հավաքորդ Վիկտոր Ցուկերկանդլից: 1942 թ.-ին կտավի հարկադիր վաճառքից հետո Ստիասնին արտաքսվել էր համակենտրոնացման ճամբար և նույն թվականին մահացել: 

Կլիմտի կտավը գնած արվեստի գործերի վաճառքով զբաղվող անձը պահել էր այն մինչև իր մահը՝ 1960-ականները: Ֆրանսիան աշխատանքները ձեռք է բերել Փարիզի Օրսե թանգարանի աճուրդում՝ 1980 թվականին: Երկրի մշակույթի նախարար Ռոզելին Բաչելոն այս առնչությամբ մանրամասնել է, որ Կլիմտի գլուխգործոցի վերադարձն իր օրինական տերերին նշան է այն հանցագործությունների ճանաչման, որոնց զոհ են դարձել Նորա Ստիասնին և նրա ընտանիքը:

Բաչելոն նկարն անվանել է «փշրված կյանքի վկա»:

Հիշեցնենք՝ նկարիչ Գուստավ Կլիմտըվիեննական Արտ Նուվո ուղղության (Նոր արվեստ,-խմբ.) ամենաակնառու ներկայացուցիչներից է: 

Ֆրանսիան իր օրինական տերերին կվերադարձնի Կլիմտի «Ծառերի տակ գտնվող վարդի թփերը» կտավը