Գերմանիայում AstraZeneca ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումից հետո թրոմբոզի առաջացման 13 դեպք է արձանարվել

23:46 • 18.03.21

Գերմանիայում բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառումից հետո 13 մարդու մոտ թրոմբոզի առաջացման դեպքեր են արձանագրվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Պոլ Էրլիխի անվան գերմանական ինստիտուտի տվյալները:

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ պատվաստումից հետո տուժածների թիվն ավելացել է երկուշաբթի օրվանից ի վեր: Ներկա պահին հայտնի է 20-63 տարեկան 12 կնոջ և մեկ տղամարդու մոտ առողջական խնդրի ի հայտ գալու մասին: Բացի այդ, հաղորդվում է, որ երեք մարդ մահացել է:

Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունից ավելի վաղ նշել էին, որ հետաքննություն են իրականացնում մի շարք երկրներից ստացված տեղեկությունների հիման վրա: Տասնյակ եվրոպական երկրներ արդեն դադարեցրել են պատվաստանյութի կիրառումը, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել:

Խոսքը AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակի մասին է, որը եվրոպական 17 երկրին մատակարարվել է 1 մլն չափաբաժնով:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2,6 մլն-ը, մահացածներինը՝ 74 հազարը:

Գերմանիայում AstraZeneca ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումից հետո թրոմբոզի առաջացման 13 դեպք է արձանարվել