Twitter ծառայությունը, հնարավոր է, նոր ռազմավարություն մշակի համաշխարհային առաջնորդների համար
Twitter ընկերությունը հայտարարել է, որ վերանայում է համաշխարհային առաջնորդների նկատմամբ իր քաղաքականությունը, որպեսզի որոշի, թե ինչպես վարվել այն քաղաքական գործիչների հետ, ովքեր խախտում են սոցիալական ցանցի օգտագործման կանոնները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք, որ մեր քաղաքականությունն արդիական մնա՝ հաշվի առնելով Twitter-ում քաղաքական դիսկուրսի անընդհատ փոփոխվող բնույթը ... Հետևաբար, վերանայում ենք համաշխարհային առաջնորդների նկատմամբ մեր մոտեցումը», - ասվում է Twitter-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Twitter-ը նախատեսում է այս խնդրի լուծման շուրջ օգնություն խնդրել օգտատերերից․ «Մենք ցանկանում ենք հասարակությունից լսել, եթե նրանք հավատում են, որ աշխարհի առաջնորդները պետք է հետևեն նույն կանոններին, ինչ Twitter-ի մյուս օգտատերերը: Եվ ինչպիսի՞ գործողություն է պետք կիրառել այն դեպքում, երբ աշխարհի առաջնորդը խախտել է կանոնները»։
Հաղորդագրության համաձայն՝ մարտի 19-ից ապրիլի 12-ը Twitter–ն իր օգտատերերի շրջանում հարցում է անցկացնելու, որը հասանելի կլինի 14 լեզվով:
Լրատվական գործակալությունը հիշեցրել է, որ հունվարի սկզբին, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհից հետո, Twitter-ը «ընդմիշտ» արգելափակել է Թրամփի մուտքը հարթակ՝ իր գործողությունները բացատրելով վախով, որ Թրամփի հայտարարությունները «կշարունակեն բռնություն հրահրել»:










