«Ճանապարհներ դեպի ազատություն»․ Ռիդլի Սքոթը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին 10 մասից բաղկացած սերիալ կստեղծի

12:39 • 22.03.21

Բրիտանացի հայտնի ռեժիսոր Ռիդլի Սքոթը նոր նախագծի շրջանակում կհամագործակցի հայտնի սցենարիստ Սթիվեն Նայթի հետ․ նրանք նախատեսում են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող տասը մասից բաղկացած սերիալ ստեղծել։

Ինչպես հաղորդում է Deadline, «Ճանապարհներ դեպի ազատություն» (Roads to Freedom) սերիալի սցենարի հիմքում ընկած կլինեն բրիտանացի պատմաբան Էնթոնի Բիվորի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող գրքերը: Բիվորը ոչ միանշանակ հեղինակություն է վայելում Ռուսաստանում. շատերը նրան մեղադրում են ԽՍՀՄ-ի նկատմամբ կողմնակալության և Կարմիր բանակի մասին կարծրատիպեր տարածելու համար։

Սցենարի ստեղծման հարցում Նայթը կհամագործակցի Բիվորի հետ։

Սերիալի նախագիծը դեռևս չի ստացել հեռուստաընկերությունների կամ սթրիմինգային ծառայությունների պաշտոնական աջակցությունը: Հայտնի չէ ոչ միայն հնարավոր պրեմիերայի ամսաթիվը, այլև նկարահանումների մեկնարկի ամսաթիվը։ Հայտնի չէ նաև սերիալի դերասանական կազմը։