Բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պլաստիկ թափոններ․ կորոնավիրուսը սպառնում է համաշխարհային օվկիանոսին․ Mirror (լուսանկարներ)
Բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պլաստիկ թափոններ․ կորոնավիրուսը սպառնում է համաշխարհային օվկիանոսին, գրում է Mirror-ը՝ նշելով, որ աշխարհը կլանած համավարակն առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտման նոր ու ավելի հուժկու ալիք։
Պարբերականի հրապարակած ֆոտոշարքը, որն արվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող արևադարձային ջրերում, բնապահպանների շրջանում մտավախությունների մեծ ալիք է բարձրացրել․ նրանց խոսքով՝ ծովային համեմատաբար ավելի նուրբ կենդանիները, այդ թվում՝ կրիաները, չեն կարողանա իրենց սնունդն առանձնացնել պլաստիկ թափոններից։
Ծովային թռչուններին նույնպես վտանգ է սպառնում․ նրանց ոտքերը երբեմն խճճվում են պաշտպանիչ դիմակների թելերի մեջ․ 2020 թվականի մարտից Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելման կազմակերպությունը (RSPCA) հայտարարել է, որ օգնել է դիմակների մեջ խճճված ավելի քան 900 կենդանու, որոնց մեծ մասը թռչուններ են եղել։
Ստորև ներկայացված ուսանկարներն արվել են Anilao Scuba divers-ի մի խումբ պրոֆեսիոնալ սուզորդների կողմից։ Սուզորդ Շալա Կալյաոն հայտնել է, որ կորոնավիրուսի բռնկումից ի վեր ջրի աղտոտումը մի քանի անգամ մեծացել է։
«10 րոպե էր, ինչ սուզվել էինք, ու արդեն 12 դիմակ տեսանք, մենք առաջ երբևէ նման բան չէինք տեսել»,- ասել է նա։
Ըստ որոշ հաշվարկների՝ համավարակի բռկումից ի վեր ամբողջ աշխարհում ամսական օգտագործվում է 194 միլիարդ մեկանգամյա դիմակ և ձեռնոց:












