««Սպուտնիկ Light» պատվաստանյութի գրանցման համար փաստաթղթերն արդեն պատրաստ են». ՌԴ առողջապահության նախարար
«Սպուտնիկ Light» ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման փաստաթղթերն արդեն պատրաստ են:
Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ավարտել ենք «Սպուտնիկ Light» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունները, և այժմ փաստաթղթերը պատրաստ են գրանցման համար»,- կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով, հայտարարել է նախարարը:
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ Light»-ը «Սպուտնիկ V» ռուսական հակակորոնավիրուսային երկբաղադրիչ պատվաստանյութի առաջին բաղադրիչն է:
Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ վարկած կա, համաձայն որի՝ առաջին պատվաստումից հետո անձի մոտ առաջանում են բավարար քանակությամբ հակամարմիններ: Հետևաբար, «Սպուտնիկ Light»-ը հարմար է բոլոր այն մարդկանց համար, որոնց մոտ արդեն իսկ COVID-19 է հայտնաբերվել կամ կրկին պատվաստվելու կարիք կա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:










