Թրամփը 2-3 ամիս անց վիրտուալ տիրույթ կվերադառնա սեփական սոցիալական հարթակի միջոցով. CNN

11:21 • 22.03.21

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկու-երեք ամիս հետո կվերադառնա սոցիալական ցանցեր  իր սեփական հարթակի միջոցով:

Այս մասին հայտարարել է պաշտոնյայի խորհրդական Ջեյսոն Միլլերը, գրում է CNN-ը:

«Մենք ականատես կլինենք Թրամփի վերադարձին սոցիալական ցանցեր սեփական հարթակի միջոցով, հավանաբար, երկու-երեք ամիս անց», - հայտարարել է նա:

Բացի այդ, Միլլերը հավելել է, որ նոր հարթակը մեծ ժողովրդականություն ձեռք կբերի, քանի որ Ամերիկայի նախկին ղեկավարը կկարողանա այնտեղ ներգրավել տասնյակ միլիոնավոր օգտատերերի, որոնք ցանկություն ունեն հետևել իր գործունեությանը:

Ինչպես նշել է խորհրդականը, Թրամփը Մար ա Լագո կալվածքում մի շարք «կարևոր հանդիպումներ» է անցկացրել «բազմաթիվ ընկերությունների» հետ, որոնք առաջարկներով դիմել են նախկին նախագահին:

Հիշեցնենք՝ փետրվարի 11-ին հայտնի էր դարձել, որ Twitter սոցիալական ցանցը չի վերականգնի իր ծառայության հասանելիությունը Թրամփին, նույնիսկ եթե նա կրկին ստանձնի պետական պաշտոններ:

Նշենք՝ հունվարի 8-ից Թրամփի թվիթերյան օգտահաշիվն արգելափակված է: Ըստ սոցցանցի՝ այս որոշման պատճառը բռնության դրդման ռիսկն էր՝ նախկին պաշտոնյայի կողմնակիցների՝ Կապիտոլիումի վրա գրոհից հետո, որը տեղի էր ունեցել հունվարի 6-ին: Բացի այդ, Twitter-ի ղեկավարությունը խոստացել էր արգելափակել սոցիալական ցանցի ցանկացած էջ, որը Թրամփը կօգտագործի իր կողմնակիցների հետ հաղորդակցվելու համար: 

Թրամփի օգտահաշիվներն արգելափակված են նաև Facebook, Instagram, Snapchat և Twitch սոցիալական ցանցերում: 

 

Թրամփը 2-3 ամիս անց վիրտուալ տիրույթ կվերադառնա սեփական սոցիալական հարթակի միջոցով. CNN