Ինչպես հողերը հանձնեցին, այդպես էլ պուրակն են տալիս. բնակիչը՝ Բաղրամյան 3-րդ նրբանցքի ծառահատման մասին (տեսանյութ)

19:38 • 13.04.21

Տասը օր է՝ Երևանի Բաղրամյան 3-րդ նրբանցքի պուրակում վիճակը թեժ է: Բնակիչների ձեռքն են ընկել Իրանի Իսլամական Հանրապետության այն քաղաքացու տվյալները, որն իրենց պուրակի սեփականատերն է: Պնդում են, որ ծագումով ադրբեջանցի է:

Tert.am-ի հետ զրույցում քաղաքացիները նշել են, որ եկել և հատել են պուրակի տասնյակ ծառեր, վնասել՝ խաղահրապարակի ատրակցիոնները: Դիմել են ուր ասես, բայց իրավապահ մարմինները ոչինչ անել չեն կարողացել, քանի որ օրենքով թույլատրված է։

«Կառավարություն, վանդալիզմով են զբաղված մարդիկ: Հազար պատկան մարմինների դիմել ենք: Ու՞ր է ձեր արձագանքը: Ոնց հողերը տվեցիք, տենց էլ սա է»,- ասել է բնակիչ Հովհաննես Միրզոյանը:

Քաղաքացիների խոսքով՝ այդ պուրակից օգտվում են Բաղրամյան պողոտայի հարակից շենքերի բնակիչները: Ասում են՝ մոտակա տարածքում դա միակ կանաչ գոտին է: Ականատեսները Tert.am-ի լրագրողին ցույց են տվել և ընդգծել, որ 60 տարուց ավելի կյանք ունեցող ծառերը կտրելուց հետո կոճղերի վրա ազոտական թթու են լցրել, որպեսզի արմատից չորանան դրանք: Պատմել են նաև, որ մի քանի օր պայքարել են, բայց չորեքշաբթի առավոտյան նորից շարունակել են իրենց սև գործը: Այս պահին ծառահատման գործընթացը դադարեցրել են, բայց աշխատանքները կարող են ամեն րոպե վերսկսվել:

Քաղաքապետարանն այս թեմայով մեկնաբանություն չի տալիս. բնակիչներն իրենց հերթին ասել են, որ Արաբկիր շրջանի հոգածության տակ է պուրակն եղել տարիների ընթացքում, բայց ծառահատման ընթացքը վարչական շրջանի ղեկավարի լիազորություններից դուրս է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։