«Շանգ Չին և 10 մատանիների լեգենդը». Marvel-ը պատմել է ասիական ծագմամբ առաջին սուպերհերոսի մասին և նշել ֆիլմի պրեմիերայի օրը (տեսանյութ)

10:33 • 20.04.21

Marvel կինեմատոգրաֆիկ ընկերությունը թողարկվել է «Շանգ Չին և 10 մատանիների լեգենդը» ֆիլմի առաջին թրեյլերը, որը պատմում է նոր սուպերհերոսի կյանքի և անցած ճանապարհի մասին:

Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից: 

Նշվում է՝ սյուժեի կենտրոնում արևելյան մարտարվեստների վարպետ Շանգ Չին է, որի «Մանդարին» մականունով հայտնի հայրը ղեկավարում է «Տասը մատանի» ահաբեկչական կազմակերպությունը: Շանգ Չիին մանկուց սովորեցրել են, որ նա պետք է դառնա կազմակերպության լիիրավ անդամ և ի վերջո հոր «ժառանգորդը»:

Այնուամենայնիվ, նա փախել է ԱՄՆ, որտեղ նոր կյանք է սկսել:

Ֆիլմի սյուժեն պատմում է նրա փախուստի և տղայի հետևից Միացյալ Նահանգներ մեկնած կազմակերպության անդամների միջև բախման մասին: 

Ֆիլմի ռեժիսորն է Դեսթին Դանիել Քրեթթոնը: Գլխավոր դերերում են Սիմու Լիուն, Աուկուաֆինան, Թոնի Լեունգը, Միշել Յեոհը և այլք:

«Շանգ Չին և 10 մատանիների լեգենդը» մեծ էկրաններ կբարձրանա 2021 թվականի սեպտեմբերի 3-ին:

Նշենք՝ Շանգ Չին Marvel ընկերության՝ սուպերհերոսների մասին պատմող ֆիլմաշարերի առաջին ասիական ծագում ունեցող հերոսն է:

«Շանգ Չին և 10 մատանիների լեգենդը». Marvel-ը պատմել է ասիական ծագմամբ առաջին սուպերհերոսի մասին և նշել ֆիլմի պրեմիերայի օրը (տեսանյութ)