Էլեն Դեջեներեսը հայտնել է 2003-ից հեռարձակվող իր հայտնի ցերեկային շոուի ավարտի մասին (տեսանյութ)

13:41 • 13.05.21

Ամերիկացի ճանաչված հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը հայտարարել է, որ 2003-ից հեռարձակվող Ellen DeGeneres show-ի հաջորդ՝ 19-րդ եթերաշրջանը կլինի վերջինը, հաղորդում է The Hollywood Reporter-ը։

Հեռուստահաղորդավարուհու խոսքով՝ այս որոշման մասին խորհել է ամիսներ շարունակ, իսկ շոուի ավարտի մասին իր աշխատակիցներին հայտնել է մայիսի 11-ին։

«Երբ դու ստեղծագործ մարդ ես, քեզ միշտ նոր մարտահրավերներ են պետք և որքան էլ որ այս շոուն հրաշալի և զվարճալի լինի, այն այլևս դադարել է մարտահրավել լինել»,- The Hollywood Reporter-ի հետ զրույցում ասել է հաղորդավարուհին։

NBCUniversal-ի նախագահ Վալարի Սթաաբը հեռուստաալիքի եթերում հեռարձակվող շոուն նկարագրել է որպես «ամերիկյան պաշտամունքային հեռուստածրագիր», իսկ հաղորդավարուհուն՝  «առաջամարտիկ և եզակի տաղանդ»։

Հայտնի է, որ Դեջեներեսը ցերեկային շոուն ավարտելու մասին իր որոշումը կքննարկի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում, որը եթեր կհեռարձակվի հինգշաբթի:

Նշենք, որ Դեջեներեսը ստացել է «Էմմի»-ի 30 մրցանակ, իսկ 2016 թվականին նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից ստացել է Ազատության նախագահական մեդալ։

Էլեն Դեջեներեսը հայտնել է 2003-ից հեռարձակվող իր հայտնի ցերեկային շոուի ավարտի մասին (տեսանյութ)