Perseverance մարսագնացը ստացել է մարսիական գրունտի առաջին նմուշը
Առաջին անգամ, իր առաքելության շրջանակներում, Perseverance մարսագնացին հաջողվել է ստանալ գրունտի նմուշներ: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտնել է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն:
Մարսագնացն առաջին անգամ փորձել է նմուշ վերցնել օգոստոսի 7-ին: Սակայն փորձն ավարտվել է ձախողմամբ`հորատման ընթացքում ժայռաբեկորի չնախատեսված տեղաշարժի պատճառով:
Perseverance-ը ժայռի և գրունտի նմուշները կտեղադրի մոտավորապես 40 հատուկ բեռնարկղերի մեջ: Նախատեսվում է, որ դրանց մեծ մասը 2026 թվականին կվերցնի մեկ այլ մարսագնաց: Ակնկալվում է, որ բեռնարկղերը կտեղադրվեն հատուկ արձակման սարքի վրա, որը դրանք կուղարկի Մարսի ուղեծիր: Հաջորդիվ նմուշները կվերցնի մեկ այլ սարք, որն արդեն պետք է դրանք հասցնի Երկիր: ՆԱՍԱ-ն ակնկալում է, որ դա տեղի կունենա 2030-ականներին:










